Դասական տուրեր
10 մարդ
Արագածոտնի մարզ
Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Շենիկի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին
Շենիկի ջրամբար
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի
Դաշտադեմի ամրոց
Թալինի Կաթողիկե եկեղեցի
Տուրի առաջին կանգառն է Թալինի Կաթողիկե եկեղեցին/ Թալինի մեծ տաճարը/, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ Կաթողիկեն թվագրվում է VII դ.:
Հաջորդ կանգառն է Դաշտադեմի ամրոցը: Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։ Համալիրը ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ:
Մեր հաջորդ կանգառը Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին է (7-րդ դար), տեղացիները այն անվանում են Կարմիր վանք կամ ժամ: Եկեղեցու հիմքում հեթանոսական կառույցի հետքեր կան, հայտնաբերված են քառակողմ կոթողներ, որի վրա պատկերված է խաղողի որթատունկ և հասակով մեկ մարդու ուրվագիծ: Այս եկեղեցու նման Հայկական լեռնաշխարհում կա ընդամենը երեք եկեղեցի, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանում է` Անի քաղաքում, իսկ երկուսը Աշտարակ քաղաքի մոտ՝ Երզնկայում, որոնցից միայն փլատակներն ու հիմքն է մնացել:
Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Ս. Հովհաննես եկեղեցին հատկապես արժեքավոր է իր ներքին տարածության կատարյալ լուծմամբ: Մաստարայի եկեղեցու հատակագծով են կառուցվել նաև Արթիկի Մեծ եկեղեցին, Ոսկեպարի Ս. Աստվածածին, Հառիճավանքի Ս. Գրիգոր և Կարսի Ս. Առաքելոց եկեղեցիները:
Գյուղից 0,5 կմ հարավ-արևելք գտնվում է Հին Մաստարա գյուղատեղին (XIII-XVI-րդ դդ.), իսկ 4․5 կմ հյուսիս-արևելք՝ Շենիկ գյուղատեղին (IV-XX-րդ դդ.), որտեղ գտնվում են Սուրբ Ամենափրկիչ (V-րդ դ.) և Սուրբ Աստվածածին (VI-րդ դ.) եկեղեցիները։ Այստեղ կանգ կառնենք գեղատեսիլ Շենիկի ջրամբարի մոտ:
Տուրի վերջին կանգառը Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ: Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
Գինը՝ 6000 դրամ, որը ներառնում է՝
· տրանսպորտ
· գիդի ծառայություն
· հյուրասիրություն՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք, ջուր