Աղջոց կամ Աղջոց Սբ. Ստեփանոս վանքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզում` Գեղարդավանքից 7կմ հարավ-արևելք: Ըստ ավանդության, Վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին` որպես կուսանաց անապատ, Տրդատ Մեծի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում: 

Մեզ հասած կիսավեր համալիրը կառուվել է  XIII դարում և բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, նրանցից հյուսիս գտնվող բնակելի շինություններից: Գլխավոր` Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցել է  վանահայր Ապել վարդապետը 1212- 1217թթ. Իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ: եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Արևմուտքից կից է վանքի գավիթը, որը կառուցվել է 1217-1234թթ.: Սբ. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է Վահան Խաղբակյան իշխանի կառուցած Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին` երկու կողմերում ավանդատներով ու հարավային պատին կից սենյակներով: XIII դարում Աղջոց վանքը նվեր է ստացել հողեր, այգիներ, դրամ: Վանքում XIV դարում գրվել են ձեռագրեր,  <<Ճաշոց>>, <<Խազգիրք>> և այլ ավետարաններ: Աղջոց վանքում են պահվել Սբ. Ստեփանոս քահանյի աջը և Արիստակես I Պարթևի աջը: XVII դարի սկզբին Շահ Աբասի արշավանքի ժամանակ Աղջոց վանքը կողոպտվել է: Արիստակես I Պարթևի աջը հափշտակվել ու տարվել է Թավրիզ, որտեղ այն հետ է գնել մի հայ վաճառական ու վերադարձրել Աղջոց վանքին: Այժմ այն գտնվում է Սբ. Էջմիածնում: 

1679թ ահեղ երկրաշարժից բազմաթիվ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դարի կեսերը` լեզգինների ասպատակությունները: Այնուհետև լքվել է ու ամայացել:

 

Աղջոց վանքում կան Հին և Նոր Կտակարանների թեմատիկաներով արված շքեղ պատկերաքանդակներ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալին պատկերված է մի դրվագ ահեղ դատաստանից: Վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, իսկ ներքևում` երկու շարքով ընտրյալները: Հարավային պատին քանդակված է կանգնած Դանիելը` առյուծների մեջ: Ներքևում` պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են: Խորանի ճակատի պատին դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ` Աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Սբ. Պողոս Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքի մոտ մարդու մեծությամբ երկու հարթաքանդակներն են: