contact@armtrailstour.am
usd
377.2
rub
4.6619
gel
139.45
irr
0.028731
eur
437.78
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

ԱրմԹրեյլսի թիմը Վայոց Ձորում

 

«ԱրմԹրեյլս» տուրի թիմի ամենագլխավոր առաքելություններից մեկը մշտապես բացահայտելն ու ինքնակրթվելն է։

Հերթական ինքնակրթական ճանապարհը մեզ տարավ դեպի Վայոց Ձոր՝ մի մարզ, որտեղ պատմությունն ու բնությունը խոսում են նույն լեզվով։

 

⛪ Թանահատի վանք

Լեռների լռության մեջ կանգնած այս վանքը դարերի խորքից փոխանցում է գիտելիքի ու հավատքի շունչը։ Այստեղ ամեն քար հիշեցնում է միջնադարյան մտքի ու հոգևոր կյանքի հզորության մասին։

 

⛪ Արկազի վանք

Արկազի վանքը առանձնանում է իր պարզությամբ ու ներդաշնակ ճարտարապետությամբ։ Վայր, որտեղ ժամանակը դանդաղում է, իսկ լռությունը դառնում է խորհելու լավագույն ուղեկիցը։

 

📚 Գլաձորի միջնադարյան համալսարան

Միջնադարյան Հայաստանի կրթական կարևորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ կրթությունը պարզապես գիտելիք չէր՝ այն ազգային ինքնության պահպանման ու զարգացման միջոց էր։ Գլաձորի ժառանգությունը մեզ հիշեցնում է, որ հայ մշակույթի հիմքում միշտ եղել է միտքն ու գրագիտությունը։

 

🌉 Ագարակաձորի կամուրջ

Դարավոր կամուրջ, որը ոչ միայն գետի ափերն է միացնում, այլ նաև անցյալն ու ներկան։ Յուրաքանչյուր նման կառույց վկայում է մեր ճարտարապետական հմտության ու ճանապարհների կարևորության մասին։

 

⛪ Հերհերի վանք

Բարձունքում կանգնած՝ Հերհերի վանքը հսկում է հովիտը։ Այստեղից բացվող տեսարանը կարծես ամփոփում է ողջ Վայոց Ձորի հոգին։

 

💧 Հերհերի ջրվեժ

Օրվա բնական շեշտադրումը։ Ջրի ձայնը, լեռնային օդն ու վայրի բնության ուժը հիշեցնում են, որ մեր ճանապարհորդությունները ոչ միայն պատմության, այլ նաև բնության հետ երկխոսություն են։

 

Այս ուղևորությունը մեզ համար պարզապես այցելությունների շարք չէր։ Դա նոր գիտելիք, նոր բացահայտում ու նոր ոգեշնչում էր։

 

«ԱրմԹրեյլս»-ի համար յուրաքանչյուր ճանապարհ նախ թիմի ներսում է սկսվում՝ ուսումնասիրությունից, ինքնակրթությունից և պատասխանատվությունից։ Միայն այդպես կարող ենք ստեղծել բովանդակային, խորքային ու բացառիկ ուղղություններ։

 

Վայոց Ձորը ևս մեկ անգամ ապացուցեց՝ Հայաստանը պետք է ոչ միայն տեսնել, այլ հասկանալ։

 

Գինու տուր / պատմություն / Հայաստանի համերով

 

Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց անսահման՝ իր պատմությամբ, համերով ու մշակույթով։ Մեր հերթական ճանապարհորդությունը դարձավ մի ամբողջական փորձառություն, որտեղ միահյուսվում էին գինեգործությունը, բազմամշակութային ինքնությունը և հոգևոր ժառանգությունը։

 

🍷 Գինու ճանապարհով՝ դեպի Armenia Wine և Գինու պատմության թանգարան

 

Օրը սկսեցինք Արարատյան դաշտի արևոտ ճանապարհներով և հասանք հայկական գինեգործության հպարտություններից մեկը՝ Armenia Wine Company։

 

Այստեղ գինին պարզապես արտադրանք չէ․ այն մշակույթ է, պատմություն և սերունդների փոխանցած փորձ։ Մենք շրջեցինք գինեգործարանում, ծանոթացանք արտադրության փուլերին, լսեցինք խաղողի տեսակների մասին հետաքրքիր պատմություններ և համտեսեցինք հայկական գինիների նուրբ ու հարուստ համերը։

 

Այցելեցինք նաև Հայաստանի գինու պատմության թանգարան, որտեղ բացահայտեցինք, որ Հայկական գինեգործության  ակունքները։ Հնագույն գինու անոթներ, պատմական փաստեր և ժամանակակից ներկայացում՝ մի վայրում, որտեղ անցյալն ու ներկան հանդիպում են։

 

Հաջորդ կանգառը հանդուրժողականության խորհրդանիշ՝ եզդիական տաճարն էր

 

Մեր ճանապարհը շարունակվեց դեպի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարներից մեկը՝ Զիարատ տաճար։

 

Սպիտակ քարե ճարտարապետությունը, խաղաղ մթնոլորտն ու խորհրդավոր լռությունը յուրահատուկ զգացողություն են պարգևում յուրաքանչյուր այցելուի։ Այս վայրը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միայն հին քրիստոնեական երկիր է, այլ նաև բազմամշակութային համերաշխության օրինակ։

 

 ⛪️ Հոգևոր սիրտը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Այնուհետև այցելեցինք հայ ժողովրդի հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

 

Դարերի խորքից եկող աղոթքների ուժը, վեհ ճարտարապետությունն ու հոգևոր մթնոլորտը ստեղծում են մի տարածք, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում։ Այստեղ յուրաքանչյուր քայլ հիշեցնում է մեր ինքնության և հավատքի ուժի մասին։

 📜 Թարգմանչաց վանք — գիտելիքի լույսը

 

Օրվա վերջին կանգառը դարձավ Թարգմանչաց վանք։

 

Այս վանքը նվիրված է Սուրբ Թարգմանիչներին՝ նրանց, ովքեր հայերեն թարգմանեցին Աստվածաշունչը և հիմք դրեցին հայ կրթության զարգացմանը։ Լռության մեջ կանգնած՝ հասկանում ես, որ լեզուն ու մշակույթը ազգի ամենամեծ հարստություններից են։

 ԱրմԹրեյլսի հետ ճանապարհորդելը նշանակում է…

 

  •  Բացահայտել Հայաստանը խորությամբ
  • Զգալ պատմությունը, ոչ միայն տեսնել այն
  • Համտեսել, ապրել ու զգալ յուրաքանչյուր կանգառ

 

Մեզ համար յուրաքանչյուր տուր պարզապես երթուղի չէ։ Դա զգացողություն է, որը մնում է երկար ժամանակ։

 

📍 Միացե՛ք մեր հաջորդ ճանապարհորդությանը և բացահայտե՛ք Հայաստանը նոր հայացքով։

ԱրմԹրեյլս — ճանապարհը սկսվում է այստեղ։

Ձմեռային հեքիաթ դեպի Ծաղկաձոր – երբ լեռները ժպտում են քեզ

 

Կան ճամփորդություններ, որոնք պարզապես այցելություն են։

Եվ կան ճամփորդություններ, որոնք դառնում են հիշողություն՝ ջերմ, լուսավոր ու անսահման ուրախ։

 

Ձմեռային Ծաղկաձորը հենց այդպիսի տեղ է։

 

Առավոտյան, երբ ճանապարհը քեզ տանում է դեպի սպիտակով ծածկված լեռներ, օդն արդեն ուրիշ է։ Այն մաքուր է, սառն է, բայց միաժամանակ լցված է էներգիայով։ Քաղաքը դիմավորում է փափուկ ձյունով, տանիքներին նստած սպիտակ լռությամբ ու մանկական անկեղծ ուրախությամբ։

 

 Ձյուն, արագություն և ժպիտներ

 

Ձմեռային արկածը սկսվում է լեռներում՝ հատկապես Ծաղկաձորի ճոպանուղի բարձրանալիս։ Քեզ թվում է՝ վեր ես բարձրանում ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև ներսից։ Ստորև փռված է ձյունապատ հեքիաթային աշխարհ, իսկ վերևում՝ ազատության զգացողություն։

 

Դահուկներ, սնոուբորդ, սահնակներ… բայց ամենակարևորը՝ ծիծաղ։

Այստեղ մարդիկ անծանոթ չեն մնում․ բոլորը միավորվում են նույն զգացողության շուրջ՝ ուրախ լինելը պարզ արվեստ է։

Կարմրած այտերով վերադարձը դեպի հարմարավետ հյուրանոց ունի իր առանձնահատուկ հաճույքը։ Տաք թեյի գոլորշին, պատուհանից երևացող ձյունը և ընկերների հետ կիսված տպավորությունները ստեղծում են այն մթնոլորտը, որը հետո երկար կհիշես։

 

Իսկ երեկոյան զբոսանքը քաղաքի լուսավորված փողոցներով բացահայտում է մեկ այլ Ծաղկաձոր՝ խաղաղ, ռոմանտիկ ու լուսավոր։

Ավելին, քան պարզապես հանգիստ

 

Ծաղկաձորը միայն ձմեռային սպորտ չէ։ Այն տրամադրություն է։

Այն հնարավորություն է մի քանի օրով կտրվել առօրյայից և վերադառնալ ավելի թեթև, ավելի երջանիկ, ավելի լիցքավորված։

 

Ամեն ուղևորությունից հետո մենք հասկանում ենք՝ երջանկությունը երբեմն շատ մոտ է։ Երբեմն այն ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է դեպի ձյունածածկ լեռներ։

 

Եվ գուցե այս ձմեռ հենց քո ամենաուրախ հիշողությունը սկսվի այստեղ՝

ձմեռային Ծաղկաձորում։ ❄️💙

Դեպի Մեղրի - Կապան / Երկօրյա տուր

 

Մեր հերթական Կապան–Մեղրի տուրը դարձավ ոչ միայն ճանապարհորդություն Սյունիքի վայրի ու մեղմ բնության գրկու, այլև մի փոքրիկ արկած, որը լցվեց նոր բացահայտումներով, անկեղծ ժպիտներով ու անմոռանալի պահերով։

Երկու օր շարունակ մենք շրջեցինք Սյունիքով՝ մի աշխարհ, որտեղ լեռներն իրենք են պատմում իրենց մասին, իսկ մարդիկային  ջերմությունն ու հյուրասիրությունը սահմաններ չունի։ Ճանապարհը մեզ տարավ հին քարհատ տներով փողոցներ, բաց պատշգամբներով տներ, արևի տակ փայլող այգիներ ու բնության այնպիսի գույներ, որ նույնիսկ նկարիչը դժվար կգտնի իր ներկապնակում։

 

Մեղրիում մեզ դիմավորեց այն յուրահատուկ արևը, որը այստեղ միշտ ավելի մեղմ է։ Քայլեցինք այգիներում, համտեսեցինք տեղական անուշաբույր մրգերը, լսեցինք պատմություններ՝ գյուղերի, խոհեմ մարդկանց ու սերնդեսերունդ փոխանցվող սովորույթների մասին։

Կապանում մեզ սպասում էին լեռնաշղթաներ, որոնք կարծես հատուկ պահում էին մեր լուսանկարների համար իրենց լավագույն տեսարանները։ Ճանապարհին կիսվեցինք պատմություններով, ծիծաղեցինք անսպասելի դրվագների վրա, վայելեցինք այն զգացողությունը, որ ճանապարհը ոչ միայն տարել է մեզ նոր վայրեր, այլ նաև նոր մարդկանց ու նոր զգացողությունների։

 

Սյունիքը հերթական անգամ ապացուցեց, որ այստեղ ամեն ինչ շատ ավելի իրական է՝ բնությունը, մարդիկ, զգացողությունները։ Եվ ամեն անգամ մեր տուրերն այստեղ մեզ հիշեցնում են՝ Հայաստանը երբեք չի հոգնեցնում։ Այն միշտ ունի ինչ-որ նոր բան, ինչ-որ նոր պատմություն, որ պատրաստ է բացել մեզ համար։

 

Եվ հենց այսպիսի փոքրիկ պահերն են ստեղծում մեծ հիշողությունները։

 

Շնորհակալություն բոլորին, ովքեր այս երկու օրը դարձրին լեցուն ջերմությամբ ու անկեղծությամբ։ Մենք արդեն անհանգստությամբ սպասում ենք հաջորդ արկածին։

 

Տոնական տուր դեպի Ոսկեվազի գինու գործարան

 

Մարտի 8֊յան տոնական տուրի ընթացքում մենք այցելեցինք Ոսկեվազի գինու գործարան, որտեղ բացահայտեցինք հայկական գինեգործության ավանդույթները։ 🍇🍷
Այնուհետև ուղևորվեցինք Աշտարակի եկեղեցիներ՝ ժառանգության և խաղաղության հետքերով։
Հաջորդ կանգառը Թալինն էր՝ իր պատմական կոթողներով, որոնք վկայում են Հայաստանի հարուստ մշակութային անցյալը։ 🏰
Դաշտադեմի ամրոցում ավարտեցինք մեր տոնական ճամփորդությունը
Միացեք մեզ 🤗🤗🤗

Տոնական տուր դեպի Գառնի

 

Մարտի 8֊յան մեր սիրուն տուրերից մեկը Կոտայքի քառուղիներում 🤗🤗
Վայելեցինք մեր աննման հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկն ու տարվա ամենականացի օրը 🌻😊
Շնորհակալ ենք ձեր օրը մեզ վստահելու համար 🤗🤗🤗

Armenian weekend

 

Մեր հյուրերի հետ միասին բացահայտեցինք Խոր Վիրապ ֊ Նորավանք ֊ Արենի ֊ Ջերմուկ ուղղությունը 🤗

Մեկ ճամփորդության ընթացքում վայելեցինք և' ձմեռ, և' գարուն։ ❄️🌸

Մեր հայրենիքն իսկապես կախարդական է 😇

 

 

Վարպետաց դաս

 

 Դպրոցական տուրերի անբաժան մասն են կազմում մեր ժողովրդական մշակույթի ներկայացումն ու  ուսումնասիրումը։ Այդպիսի հերթական տուրը ուղեկցվեց արիշտայի վարպետաց դասով։ Երեխաները նախ ծանոթացան Բջնի գյուղի մշակութային կոթողներին,  ապա մեծ սիրով մասնակցեցին արիշտայի վարպետաց դասին, իրենց ձեռքով պատրաստեցին հայ կնոջ ստեղծած խոհանոցային այս գլուխգործոցը ։ Վերջում եզրահանգեցին մեր ԱՐԻՇՏԱՆ ոչինչով չի զիջում իտալացիների սպագետիին ։)

Մենք Արփի լճում

 

Մի սովորական օր էլ դարձավ լավ հիշողություն 😍😍
Սիրուն խմբով
Հառիճավանք, Արփի լիճ, Գյումրի ճանապարհին 🙂🙂
Օրվա տպավորությունները նկարներով դժվար է փոխանցել, միայն կարելի է ասել` թող այսպիսի օրերը շատ լինեն 😉

Մենք Ոսկեվազի գինու գործարանում

 

Ոսկեվազ գինու տուրի🍷🍷🍷 շրջանակներում մեր հրաշալի խմբի հետ այցելեցինք Ոսկեվազի գինու գործարանը, համտեսեցինք աննման գինին, ծանոթացանք գործարանի պատմությանը, միաժամանակ այցելեցինք Դաշտադեմի ամրոցը, Թալինի Կաթողիկե եկեղեցին և Աղձքում գտնվող Արշակունիների դամբարանը։

Մենք Իրանում

 

Իրանի տուրի շրջանակներում այցելեցինք իրենց` արևելյան ճոխությամբ հայտնի մի շարք քաղաքներ` Թավրիզ, Թեհրան, Սպահան, Շիրազ և այլն: Ծանոթացանք Իրանի հարուստ պատմությանը եւ մշակույթին, այցելեցինք հին շուկաները, տեսանք Ալի Սադր` աշխարհի ամենաերկար ջրային քարանձավը:

Մեր խումբը Բջնիում 🥰

 

 
Վայելեցինք կոլորիտային ու անչափ գեղեցիկ Բջնի գյուղը,այցելեցինք ձիարշավարան, որտեղ անցկացրած ժամանակը կդառնա մեր կյանքի լավագույն հիշողություններից մեկը
🧡🧡🧡

 

Գյումրի

 

ԱրմԹրեյլս Տուրը Գյումրիում է: Բյուրեղավանի Արհեստագործական ուսումնարանի սաների հետ ունեցանք անչափ տպավորիչ ու հագեցած տուր դեպի Գյումրի: Տուրի առաջին կանգառը Հառիճավանքն էր, որի վեհաշուք  ճարտարապետությունն ու հետաքրքիր պատմությունը իրապես հուզեց մեր հյուրերին: Դե ինչ Գյուրին` իր 19-րդ դարի քաղաքային լանդշաֆտով ու հետաքրքրական պատմություններով օրը դարձրեց լիարժեք ու անմոռանալի:

Զումբա-տուր

 

Զումբա-տուրը մեկնարկեց Սուրբ Պողոս_Պետրոս եկեղեցական համալիրի այցելությամբ։🙂🙂

Այցելեցինք Նեղուցի վանքը, Սուրբ Պողոս-Պետրոսը, անցկացրեցինք զումբայի պարապմունքը Աղվերանում` բնության գրկում:

 

Դպրոցական էքսկուրսիաներ

 

Դպրոցական էքսկուրսիաները մեզ հետ խոստանում են լինել Ձեր երեխայի լավագույն դպրոցական հիշողությունները:

Մենք աշխատում ենք ողջ թիմով, որպեսզի Ձեր երեխայի դպրոցական էքսկուրսիան դառնա

  • Գիտելիքի ձեռքբերման,
  • Հայրենասիրության ու հայրենաճանաչողության,
  • Դասարանում թիմային ոգու բարձրացման  և, իհարկե,
  • Լիցքաթափման լավ հնարավորություն:

Ապահովում ենք լավ տրամադրություն ու համեղ սնունդ:

Յոգա տուր

 

Յոգա տուրի շրջանակներում մեր հրաշք խմբի հետ գնացել էինք
✅️Գեղարդավանք,Գառնիի տաճար
✅️Քարերի սիմֆոնիա
✅️ Ազատի ջրամբար
Ասեմ, որ մեկ օրում կարողացանք կատարյալ լիցքաթափվել ու կտրվել առօրյա խնդիրներից։
Յոգայի պարապմունքն անցկացրինք Ջրվեժի հրաշք անտառապարկում

Տոնական տուր դեպի Ոսկեվազի գինու գործարան

 

 

Մարտի 8-ին նվիրված մեր հերթական տոնական տուրն այս անգամ ևս անցավ ուրախ մթնոլորտում: Այսօր ուղևորվեցինք դեպի Ոսկեվազ գինու գործարան: Տուրի շրջանակներում այցելեցինք Աշտարակի եկեղեցիները՝ Կարմրավորը, Սուրբ Մարիանեն, Ծիրանավորը և Սպիտակավորը, ծանոթացանք դրանց պատմությանը: Ոսկեվազի գինու գործարանում շրջայց կատարեցինք գինու մառաններով, գործարանով, ծանոթացանք գործարանի պատմությանը, գինու պատրաստման տեխնոլոգիաներին,  մասնակցեցինք գինու համտեսին: Այցելեցինք նաև Թալինի Կաթողիկե եկեղեցին և Դաշտադեմի ամրոցը:

Արքայանարնջի բերքահավաք Լոռիում

 

 

Շարունակում ենք մեր յուրօրինակ տուրերի շարքը, այս անգամ՝ դեպի արքայանարնջի  այգիներ։ Տուրի շրջանակներում այցելեցինք Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, Ախթալայի բերդն ու վանքը, ծանոթացանք դրանց պատմությանը: Զբոսնեցինք նաև Արամյանցի դղյակի տարածքով, որտեղ խմեցինք թեյ և ծանոթացանք մեծահարուստ Արամյանցի կյանքի պատմությանը: Տուրն ավարտեցինք Արճիս գյուղում գտնվող արքայանարնջի այգիներում, որտեղ մեզ սպասում էր էկո կաթնամթերքի և քաղցրավենիքի հյուրասիրություն: Այստեղ մասնակցեցինք նաև արքայանարնջի բերքահավաքին՝ մեզ հետ տանելով մեր հավաքած արքայանարինջները:

Դեպի Գյումրի

 

Մեր խմբի ճանաչողական այցը դեպի Գյումրի ինչպես միշտ կայացավ ջերմ  մթնոլորտում։ Ծանոթացանք Հառիճավանքի պատմությանը, Գյումրիում այցելեցինք Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները,Պլպլան Ժամը,   պատմական փողոցներում զգացինք 19-րդ դարի շունչը, ինչպես նաև այցելեցինք Ձիթողցոնց տուն-թանգարանը, Պատվո բլուրը և Սև Բերդը։ Տուրն ավարտեցինք համեղ խաշով:

Աշունը Դիլիջանում

 

Շարունակում ենք մեր աշնանային ճանաչողական տուրերի շարքը: Այս անգամ ողևորվեցինք դեպի Սևան և Դիլիջան: Տուրի շրջանակներում այցելեցինք Սևանավանքը, հետո սրճեցինք աշնանային Սևանի ափին: Այնուհետև ուղևորվեցինք դեպի Դիլիջան: 

 

Դիլիջանում այցելեցինք պատմական Շարամբեյան փողոցը, որտեղ զգացվում է 19-րդ դարի Դիլիջանի շունչը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներն են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործներ, փայտագործներ։ Այդ իսկ պատճառով փողոցը հաճախ անվանում են նաև  «վարպետների փողոց»։ Այցելեցինք նաև Հաղարծին վանական համալիրը, հետո ուղղվեցինք դեպի անտառներում թաքնված գեղատեսիլ ջրվեժը, ինչպես նաև այցելեցինք Պարզ լիճը:

Խոսրովի արգելոցն աշնանը

 

Շարունակում ենք մեր աշնանային տուրերի շարքը, այս անգամ՝ դեպի Խոսրովի արգելոց։ IV դարում տնկված, Խոսրով արքայի անունը կրող անտառները աշխարհի  արհեստական անտառներից հնագույնն են: Աննկարագրելի են այստեղի բնության գույները հատկապես աշնանը: Քայլարշավ կատարեցինք դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժները, ճանապարհին տեսանք գեղատեսիլ ժայռեր, ալպյան մարգագետիններ, խորհրդավոր քարանձավներ, անկրկնելի գեղեցկության խորաձորեր ու ձորակներ, սոսիների ու մայրիների պուրակներ։ Այնուհետև ՈՒԱԶ-ով ուղևորվեցինք դեպի Աղջոց վանական համալիրը և Գեղմահովիտի V դ.-ի կիսավեր եկեղեցին։

Երերույքի տաճար

 

Շարունակում ենք մեր ճանաչողական տուրերը: Այս անգամ բացահայտում ենք Շիրակի հրաշալիքները: Տուրի շրջանակներում այցելեցինք Գուսանագյուղը, որտեղ պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ: Գուսանագյուղը եղել է նաև հայտնի իշխանանիստ վայր, որի ապացույցն է գյուղում պահպանված X-XII դդ. ամրոց-դղյակը/Դիտամրոցը/, որը տեղի բնակիչները անվանում են «Ղուլա»: Ճանապարհին փշալարերի հետևից տեսանք Ախուրյանի ջրամբարը,  ծանոթացանք Ջրափիի Սբ. Աստվածածին եկեղեցու և Ջրափիի  իջևանատան պատմությանը: Հայկաձոր գյուղից  սահմանային փշալարերի հետևից հեռադիտակով տեսանք Անին և Հայկաձորի Կարմիր վանքը: Տուրի վերջում այցելեցինք  Երերույքի  անկրկնելի տաճարը:

Խնձորի բերքահավաք

 

 

Շարունակում ենք մեր յուրօրինակ տուրերի շարքը, այս անգամ՝ դեպի խնձորի այգիներ։ Տուրի շրջանակներում այցելեցինք Կարբիի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, Մուղնիի Սբ. Գևորգ վանքը, Սաղմոսավանք վանական համալիրը, ծանոթացանք դրանց պատմությանը: Ուղևորվեցինք նաև դեպի Արայի լեռ՝ քարանձավում փորված Ծաղկեվանքը կամ Կույս Վարվառան տեսնելու համար։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որը, ըստ հավատալիքների, առողջարար հատկություններ ունի: Տուրն ավարտեցինք խնձորի այգիներում, որտեղ մասնակցեցինք խնձորի բերքահավաքին՝ մեզ հետ տանելով մեր հավաքած խնձորները:

Ոսկեվազ գինու գործարան

 

Մեր հերթական հագեցած և ջերմ տուրը։ Այս անգամ՝ դեպի Ոսկեվազ գինու գործարան: Տուրի շրջանակներում այցելեցինք Աշտարակի եկեղեցիները՝ Կարմրավորը, Սուրբ Մարիանեն, Ծիրանավորը և Սպիտակավորը, ծանոթացանք դրանց պատմությանը: Ոսկեվազի գինու գործարանում շրջայց կատարեցինք գինու մառաններով, գործարանով, ծանոթացանք գործարանի պատմությանը, գինու պատրաստման տեխնոլոգիաներին,  մասնակցեցինք գինու համտեսին: Այցելեցինք նաև Թալինի Կաթողիկե եկեղեցին և Դաշտադեմի ամրոցը:

Աշնանային Գյումրին

 

Գյումրին գրկաբաց ընդունում է բոլորին։ Բացառություն չկազմեցին նաև մեր եվրոպացի հյուրերը:

Համադպրոցական տուր դեպի Բջնի

 

Այս անգամ ճանաչողական տուրի շրջանակներում ուղևորվեցինք դեպի Բջնի Օհանյան կրթահամալիրի սաների հետ։  Այցելեցինք Բջնի բերդը և Սուրբ Աստվածածին եկեղեցին, ծանոթացանք այդ տեսարժան վայրերի պատմությանը, ինչպես նաև համտեսեցինք իր բուժիչ հատկություններով հայտնի Բջնիի հանքային ջուրը: Օրն ավարտեցինք Բջնիի հանգստյան գոտում՝ ճաշակելով մեր ավանդական խորովածը և մասնակցելով տարատեսակ  խաղերին: 

Աշնանային Ջավախքը

 

Այլ երկրների հայաբնակ շրջաններն այցելելը առանձնահատուկ զգացմունքներ է առաջացնում: Մենք կրկին ուղևորվեցինք դեպի Ջավախք՝ այցելելով Փարվանա և Սաղամո լճերը (այս անգամ դրանք բավականին խոժոռ էին, բայց, որպես միշտ, տպավորիչ), Գանձայում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին և Վ. Տերյանի տուն-թանգարանը, ինչպես նաև Ծալկայի հունական եկեղեցիները: Տուրի շրջանակներում այցելեցինք նաև Դաշբաշի կիրճը և զբոսնեցինք այստեղի նորակառույց ապակե կամրջով:

Աշնանային Լոռին

 

Լոռու բնության և հրաշալիքների մասին շատ էինք լսել, իսկ այսօր տեսանք սեփական աչքերով: Դեպի Արևածագի ձոր ջիպ տուրի շրջանակներում այցելեցինք Գտեվանքը (VI դ.) և Հնեվանքը (VII դ.), հանգստացանք գեղատեսիլ Արևածագի Ձորի հայտնի Ցից քարի մոտ՝ գետի ափին: Այնուհետև ուղղվեցինք դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը (XIII դ.), համտեսեցինք Օձի պորտի սուրբ ջուրը: Տուրն ավարտեցինք Օձունի տաճարի (VI դ.) այցելությամբ: Միացե´ք մեր տուրերին և ձեր աչքերով տեսեք Լոռու հրաշալիքները:

Վրաստան․ Դաշբաշի կիրճ

 

Վրաստանի տուրերն առանձնահատուկ են, հատկապես, երբ այցելում ես հայաբնակ տարածքներ։ Այցելեցինք ոսկեփայլ Փարվանա և Սաղամո լճերը, Գանձայում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին և Վ.Տերյանի տուն-թանգարանը, Ծալկայի հունական եկեղեցիները, հետո ուղևորվեցինք դեպի Դաշբաշի կիրճ, զբոսնեցինք ապակե կամրջով և 1,5 կմ արահետով իջանք դեպի գեղատեսիլ կասկադային ջրվեժը։

Բջնի-Հանքավան / Յոգա

 

Մեր յուրահատուկ և սիրելի տուրերից մեկը՝ Հանքավան-Բջնի ուղղությունը։ Այցելեցինք Բջնի բերդ և Սուրբ Աստվածածին եկեղեցի, համտեսեցինք Բջնիի հայտնի հանքային ջուրը, Հանքավանում ծանոթացանք հունական եկեղեցու պատմությանը, առողջացանք Հանքավանի տաք ջրերում և հանգստացանք գետին ափին, ինչպես նաև անցկացրինք մեր յոգայի դասը։

Դպրոցական տուր․ Գյումրի

 

Այսօր  Հրազդանի քոլեջի ուսանողների հետ ենք։ Միասին այցելեցինք Գյումրի և ծանոթացանք քաղաքի պատմությանը և պատմա-մշակութային հուշարձաններին:  Այցելեցինք նաև վարդերի ջերմոց, ծանոթացանք վարդերի աճեցման տեխնոլոգիային՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ։

Դպրոցական տուր․ Գառնի

 

Կրկին Գառնիում ենք️: Գառնին, կարծես, դարձել է մեր ամենասիրված ուղղություններից մեկը։ Երևանի թիվ  84 դպրոցի աշակերտների հետ այցելեցինք Չարենցի կամարը, Գեղարդավանքը: Հանգստացանք «Պարտեզ» հանգստյան գոտում, համտեսեցինք թոնրի համեղ խորովածը և մասնակցեցինք տարատեսակ  խաղերին։ Երեկոյան այցելեցինք Գառնի տաճարը, որպեսզի տեսնենք այն երեկոյան լուսավորության ներքո։

Դպրոցական տուր․ Սևան, Դիլիջան

 

Եվս մեկ ճանաչողական տուր։ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ ուղևորվեցինք դեպի Սևան և Դիլիջան։ Այցելեցինք Սևանավանքը, Հաղարծնի վանական համալիրը, Հին Դիլիջանը։ Ծանոթացանք կավագործների աշխատանքներին, այցելեցինք Կովկասյան եղջերուների բուծարանը և հանգստացանք Պարզ լճի ափին։

Դպրոցական տուր․ Լոռի

 

Լոռին, ինչպես միշտ, հիացնում է։ Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական դաարանի աշակերտների հետ այցելեցինք Տորմակ եկեղեցին, Դենդրոպարկը, Լոռի Բերդը։ Հանգստացանք «Լոռէ» հանգստի գոտում և «Lore Extreme Park»-ում: Օրը ավարտեցինք խարույկի շուրջ:  

Սևանա լիճ

 

Մեր ամենասիրված ուղղություններից մեկն է: Այցելեցինք Սևանավանքը, ծանոթացանք նրա  պատմությանը, նավարկեցինք Սևանա լճով դեպի Որորների կղզի, կերակրեցինք որորներին, հանգստացանք ափին,  լողացանք, պարեցինք, համտեսեցինք ձկան և խոզի խորովածը։ Միացե′ք դեպի Սևան մեր հաջորդ տուրին։

Ջերմուկ

 

Մեր ամենահետաքրքիր տուրերից մեկը։ Խմբի հետ ուղևորվեցինք դեպի Նորավանք, ծանոթացանք վանքի հարուստ պատմությանը, այցելեցինք Ջերմուկի Ջրահարսի ջրվեժը, ամենագնացներով ուղևորվեցինք դեպի Ջերմուկի գեյզերը, սարի գագաթին տեսանք եղնիկի արձանը, այցելեցինք նաև մատուռ-քարանձավը։ Ուղևորությունն ավարտեցինք Ջերմուկի զբոսայգում, որը հայտնի է իր քանդակներով:

Խոսրովի արգելոց

 

Մեր բացառիկ յոգա տուրը դեպի Խոսրովի արգելոց կայացա´վ։ Դեռևս IV դարում տնկված, Խոսրով արքայի անունը կրող անտառները, որ աշխարհի  արհեստական անտառներից հնագույնն են, լուռ մեզ էին սպասում: Աննկարագրելի են այստեղի գեղատեսիլ ժայռերն ու ջրվեժները, ալպյան մարգագետինները, խորհրդավոր քարանձավները, անկրկնելի գեղեցկության խորաձորերն ու ձորակները, սոսիների ու մայրիների պուրակները։ Խոսրովի անտառներում անցկացրինք յոգայի հերթական պարապմունքը, զովացանք Վահագնի և Աստղիկի ջրվեժներում, այցելեցինք Աղջոց վանական համալիրը և Գեղմահովիտի V դ.-ի կիսավեր եկեղեցին։ Տուրն ավարտեցինք Գառնիի տաճարով՝ երեկոյան լուսավորության ներքո:

Հանքավանի Տաք ջրեր

 

Մեր հերթական հագեցած և ջերմ տուրը։ Այս անգամ՝ դեպի Հանքավանի տաք ջրեր։ Այսօր այցելեցինք Բջնի բերդը և Սուրբ Աստվածածին եկեղեցին, համտեսեցինք Բջնիի հայտնի հանքային ջուրը, հանգստացանք գետի ափին, Հանքավանում ծանոթացանք հունական եկեղեցու պատմությանը: Տուրի  վերջում լողացանք Հանքավանի տաք ջրերում: