Աշտարակ քաղաքի հյուսիս արևելյան բարձրադիր  մասում պահպանվել է 7-րդ դարի Սուրբ Կարմրավոր եկեղեցին: Այն խաչաձև կենտրոնագմբեթ  հատակագծային հորինվածքով փոքր, միախորան  եկեղեցիների իր ենթախմբում առավել անաղարտ պահպանվածն է: Չնայած փոքր չափերին, շնորհիվ բարձրադիր տեղադրության, իշխում է բնակավայրի համայնապատկերում: Կառուցման մասին մատենագրական տեղեկություններ չկան: Բոլոր պատերը շրջանագծող, միատող, ամբողջովին անվերծանելի արձանագրությունը, որում հիշատակված է Աշտարակ գյուղաքաղաքի Գրեգոր քահանայի որդի Դավթի անունը, չի օգնում ճշտորեն որոշել կառուցան ժամանակը:  Ճարտարապետական համալիրի կառուցման սկզբունքները,  վերջիններիս հատկանիշների վերլուծությունը հուշարձանի թվագրությունը տանում են մինչև 7-րդ դարի կես:  Խաչաձև հատակագծում ներսի խաչաթևերը, բացի արևելյանից, ուղղանկյուն են, ընդ որում արևմտյանն ավելի խորն է մյուսների համեմատությամբ: Բոլոր խաչաթևերն էլ դրսից ուղղանկյուն են:  

Ներքին հորինվածքում` խաչաթևերի հպման անկյուններում, տեղավորված են մեկական կիսասյուներ, որոնք իրար են միացված կամարներով` կենտրոնում առաջացնելով գմբեթատակ քառակուսի, որից անցումը դեպի ութանիստ գմբեթի թմբուկն ու գմբեթի օղակաձև հիմքը կատարված է 7-րդ դարում լայն տարածում ունեցող տրոմպերի  երկշարք համակարգերի միջոցով:

 

7-րդ դարին պատկանելու  առավել անվիճելի ապացույցը հուշարձանի կտուրին ու  սֆերիկ գմբեթի վրա համարյա անվնաս պահպանված կղմինդրածածկն է, որպիսին այդ դարաշրջանի հուշարձաններում  քիչ է հանդիպում:  Ներսի պատերին կիսաշաղախ ծեփը ծածկված է եղել հուշարձանի կառուցմանը ժամանակակից որմնանկարներով, որոնցից պահպանվել են առանձին հատվածներ:  Վերջին տարիներին հայ և իտալացի վերականգնող մասնագետների համատեղ ջանքերով վերականգնվել են խորանի որմնանկարները, ինչի շնորհիվ այժմ տեսանելի են տասը խոշոր սրբապատկերներ, որոնք, ըստ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի  7-րդ դարին բնորոշ  թեմատիկաներ են և  ի ցույց են դնում ժամանակաշրջանի նկարազարդման բարձր արվեստը:  Ըստ վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղեի 8 կամ 9-րդ դարում սրբապատկերների դեմքերն ու ձեռքերը, ցավոք, վնասվել են: Խորանի որմնանկարների շարքը  երկրաչափական որմնազարդ քիվով բաժանվում է երկու մասի, որի մի կողմում ամբողջ հասակով  երկու, իսկ մյուսում երեք սրբապատկերներ  են: Գմբեթարդը կենտրոնական մասում զարդարված է Քրիստոսը փառքի մեջ որմնանկարով, որի  կողքերին մեկական քառաթև քերովբեներ են: Գմբեթարդի կամարակապին տեղադրված են Մարիամ Աստվածածնի և  Սուրբ Հովհաննես Մկրտչի որմնապատկերները: Եկեղեցու հյուսիս արևմտյան պատին պատկերված է Սուրբ Գևորգ զորավարը` հարվածի պատրաստ թրով, իսկ  հարավ արևմտյան պատին` մանուկը փեռքին և նետը ձեռքին Սուրբ Սարգիս զորավարը: