Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում է գտնվում Հաղպատ գյուղը, որտեղ գտնվում է համանուն վանական համալիրը: Հաղպատ գյուղի հարստությունը միայն հազարամյա վանքը չէ: Այն դարեր ի վեր հայոց գիտակրթական խոշորագույն կենտրոններից է եղել: Գյուղը գտնվում է Գուգարաց լեռների փեշերին՝ բարձր սարավանդի վրա: Հեռավորությունը մայրաքաղաքից 180 կմ է: Երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով, իսկ չորրորդ կողմից այն եզերում են Գուգարաց լեռների ճյուղավորումները՝ Սբլիս (Սուրբ լույս) և Տրնական (Տերունական) գագաթներով:
Հաղպատ բառը ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է հախ պատ կամ հաղթական պատ: Ավանդույթի համաձայն, Սանահինի եկեղեցին կառուցում են հայր և որդի : Որդին հորից նեղանում է ու մի փոքր հեռավորության վրա կառուցում է Հաղպատի վանական համալիրը: Հայրը նայում է որդու կատարած աշխատանքին և ուրախ բացականչում. <<հախ պատ է>>, որ լոռվա բարբառով նշանակում է իսկական պատ: Իրականում երկուսն էլ ժողովրդական ստուգաբանության արգասիք են: Հաղպատ գրաբարյան ստուգաբանությամբ նշանակում է հաղպը (մեղքը, շվայտ կյանքը) ատել:
Ներկայիս համալիրի ամենահին եկեղեցին կառուցվել է 977թ.՝ Բագրատունյաց Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանուշ թագուհու կողմից: Եկեղեցու շինարարը միջնադարի հայտնի ճարտարապետ Տրդատն է` Անիի Մայր տաճարի, Անիի Գագկաշեն զվարթնոցատիպ եկեղեցու, Կ.Պոլսի սուրբ Սոֆիա եկեղեցու գմբեթի և այլ ճարտարապետական արժեքավոր գլուխգործոցների հեղինակը:
Բայց մատենագրական վկայությունները փաստում են, որ 5-րդ դարում մեծանուն փիլիսոփա Դավիթ Անհաղթը գործել է հենց Հաղպատի վանքում, ինչը նշանակում է, որ 5-րդ դարում արդեն իսկ այստեղ կայացած ու հզոր վանական միաբանություն էր գործում:
Վանական համալիրի կազմում են Սուրբ Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ- դամբարաններ և խաչքարեր: Վանքի տարածքից դուրս գտնվում են Միլը՝ 13-րդ դարի աղբյուրը, Ջգրաշենի եկեղեցին և Կուսանոց անապատը:
Հաղպատի սուրբ Նշան եկեղեցին, ինչպես նշեցինք, հնագույնն է կառույցների մեջ: Սուրբ Նշանում պահպանվում են 13-րդ դարի որմնանկարներ: Նրանցից մեկը հատկապես արժեքավոր է: Այնտեղ պատկերված է հայոց հզորագույն իշխաններից Խութլու-Բուղա Արծրունին՝ իր իշխանական հանդերձանքով ու ողջ վեհությամբ: Սուրբ Նշան եկեղեցու գավիթը կառուցել է Լոռվա Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Գ-ի դուստր Մարիամն իր քույրերի հետ: Սբ.Նշանի գավիթում ամփոփված են Կյուրիկյան թագավորների և Զաքարյանների տան ներկայացուցիչների աճյունները: Իսկ եկեղեցու արևելյան պատին՝ դրսի կողմից, հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի (977-990) և նրա եղբոր՝ Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Ա (962-990) բարձրաքանդակներն են:
Ճարտարապետական հորինվածքվ բացառիկ ու հետաքրքրական կառույց է Հաղպատի վանքի գրադարանը, որի երդիկն անգամ արված է որոշակի թեքության վրա, որպեսզի չվնասվեն միջնադարյան մագաղաթները: Հաղպատի միջնադարյան գրադարանը իր ժամանակի հարուստ ու ճոխ գրադարաններից էր, իսկ վանական համալիրի համբավն այնքան բարձր էր, որ այն մեկն էր այն չորս աթոռներից, որ իրավունք ուներ կաթողիկոս ընտրել: Մյուս երեքն էին Տաթևի, Արտազ գավառի սուրբ Թադե և Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր առաջնորդները:
Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1025 թ.։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն կառույց է, չորս անկյուններում՝ ավանդատներ։ Այն իր կառուցվածքով ավելի մոտ է վաղ միջնադարյան միանավ դահլիճ կոչված տիպին, ինչն այնքան էլ բնորոշ չէ քննվող ժամանակաշրջանին:
Համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում: Դարաշրջանի ոճական ուղղությունը ավելի հարիր է այս փոքրաչափ եկեղեցուն: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, գմբեթավոր փոքրաչափ շինություն է։ Գլանաձև թմբուկը ծածկված է եռանկյունաձև տանիքով։
1996 թվականինից Հաղպատի վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային անշարժ մշակութային ժառանգության ցանկում: