Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աչաջուռ գյուղի 3կմ հարավ-արևմուտք` Պայթաթափ լեռան լանջին: Վանքը հատկապես աչքի է ընկնում իր յուրահատուկ զարդարվեստի ճոխությամբ ու պատկերաքանդակների առատությամբ: Այս ցուցանիշներով այն կարելի է համեմատել Աղթամարի սուրբ Խաչ, Բղենո Նորավանք և այլ վեհաշուք կոթողների հետ: Վանքը կոչվել է նաև Ագռավավանք:
Միակ պատմական հիշատակությունը Կիրակոս Գանձակեցու մոտ է այն էլ փոքրիկ նվիրաբերության մասին:
Մակարավանքի մասին պահպանված ավանդությունում ասվում է, որ վանքը կառուցել է Մակար անունով վարպետը` իր որդու հետ: Որդին քար էր տաշում ու նախշում, իսկ հայրը շարում էր: Մակար վարպետաը գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա և օրերից մի օր նկատում է որ զարդաքանդակները իրար չեն համընկնում: վարպետը վերևից որդուն հարցնում է, թե ինչ է պատահել, իսկ ներքևից նրան պատասխանում են, որ որդին հիվանդ է: Վարպետը հասկանում է, որ որդին այլևս չկա, բայց վարպետը շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո վանքի գավթից ցած է նետվում ու մահանում: Վարպետին թաղում են վանքի պատերի տակ, իսկ վանքը կոչում նրա անվամբ` Մակարավանք:
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ: Արտաքինից ուղղանկյուն, ներսից` խաչաձև խորանի երկու կողմերում, երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք է: Շինարարական հիմնական նյութը վարդագույն անդեզիտն է:
Մակարավանքի գավիթը 1207թ կառուցել է իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը: Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին: Քառանկյուն հատակագծով, չորս սյուներով, կենտրոնագմբեթ կառույց է: Հատկապես հարուստ է Գավթի ներսի հարդարանքը: Գմբեթի ներքին սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը:
Աստվածածին եկեղեցին 1198թ կառուցել է Մակարավանքի առաջին վանահայրը` Հովհաննես 1ինը` իր ծնողների ու եղբայրների հիշատակին: Այն ներսից խաչաձև, արտաքուստ ութանիստ, սրբատաշ քարով կառուցված շինություն է: Լուսամուտները պսակված են ճոխ շրջանակներով: Լուսամուտները ունեն ճոխ ձևավորված շրջանակներ: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների բարձրաքանդակներ: Դրանցից մեկում պատկերված է արագիլ` պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում` իրար հետ կռվող երկու կենդանի: Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր թաղածածկ մատուռը: Այն թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով կառուցված շինություն է: