Սանահինի վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության շքեղագույն ու միևնույն ժամանակ միստիկ գոհարներից է: Սանահինի վանական համալիրում, ավելի, քան հայկական մյուս եկեղեցիներում պահպանվել են հեթանոսական Հայաստանի մեհյանների հիմքերը: Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր, գիտակրթական և մշակութային կենտրոն: Համալիրը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարք աշխարհում` ժամանակակից Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում` Դեբեդ գետի աջ ափին:
Վանական համալիրի առաջին` Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 10-րդ դարի 30-ական թվականներին Աբաս Առաջին Բագրատունի թագավորի օրոք: 966թ Աշոտ 3-րդ Ողորմածն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին իրենց որդիներ Կյուրիկեի և Սմբատի արևշատության համար ու հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց: 977 թ Սմբատ 2-րդի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը և Տաշիրի թեմակալ է ձեռնադրվել Եսային:
11-րդ դարում Դիոսկորոս Սանահնեցու վանահայրության տարիներին կառուցվել են Սանահնի վանքային համալիրի գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը : Հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել ու ծաղկվել բազմաթիվ ձեռագրեր: Աստվածաբանությունից բացի դասավանդվել են նաև փիլիսոփայություն, տոմարագիտություն, երաժշտություն, բժշկություն և այլն: Ըստ ավանդության այստեղ է դասավանդել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ Սուրբ Գրիգոր և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև գտնվող ճեմասրահը կոչվել է Մագիստրոսի ճեմարան:
Ամենափրկիչ եկեղեցու արևելյան ճակատին կտիտորական քանդակի վրա պատկերված են Սմբատ և Կյուրիկե եղբայրները:
11-րդ դարում Կյուրիկյան թագավորության անկումից և մոնղոլական արշավանքներից հետո վանքը տևական ժամանակ ամայության է մատնվել` մինչև Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանը: Զաքարյաննների իշխանության ժամանակաշրջանում վանքապատկան շինությունները հիմնովին նորոգվում են, իսկ Դեբեդի վրա կառուցվում է Սանահնի նշանավոր կամուրջը, որով անցնում է Սանահինի վանք տանող ճանապարհը:
Սանահինի վանքի զանգակատունը կառուցվել է Վաչուտյան իշխանների օրոք և մեզ հասած զանգակատներից ամենահինն է:
14րդ դարավերջում, երբ թուլանում ու տրոհվում է Զաքարյանների իշխանապետությունը, վանքը և Սանահին գյուղը դառնում են նրանց շառավիղների` Արղության Երկայնաբազուկների, սեփականությունը մինչև 20-րդ դարի սկիզբը: Խորհրդային միության տարիներին եկեղեցին գտնվել է պետության հատուկ պահպանության տակ առնված մշակութային ժառանգւթյան հուշարձանների ցանկում: