Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում գտնվող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը համարվում է հայկական եկեղեցաշինության եզակի կառույցներից մեկը։ Ըստ ավանդության և տարբեր ժամանակագիրների վանքը հիմնադրվել է Բարդուղիմեոս առաքյալի կողմից։ Ունենալով ավելի քան 1100-ամյա պատմություն՝ այն այսօր էլ հիացնում է բազմաթիվ ուխտավորների ու այցելուների իր աննկարագրելի շքեղությամբ ու աշխարհագրական տեղադրությամբ։ Վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։ Ու պատահական չէ, որ Սուրբ Թադևոսի (Թադե) և Ծործորի վանքերի հետ միասին իր արժանի տեղն է զբաղեցնում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների ցուցակում։