Ոսկեվազ գյուղը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Ոսկեվազ համայնքում` Քասաղ գետի աջ կողմում: Գյուղը հիմնադրվել է 1828-30-ական թվականներին: Համայնքը նախկինում կոչվել է Ղզլթամուր: Ըստ լեգենդի, Ախթամուր գյուղն ավերելուց հետո արյունարբու Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա: Բայց, ի տարբերություն նախորդի, այս գյուղը նա չի ավերում, բնակիչներին չի կոտորում և ի նշան երախտագիտության բնակիչները վերջինիս Ղզլթամուր` այսինքն Ոսկի Թամուր են անվանում, իսկ գյուղը կոչում են Ղզլաթամուր:
Սուբ Հովհաննես եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չկան ո’չ մատենագրական, ո’չ վիմագրական, բայց մասնագետները եկեղեցու թվագրությունը տանում են մինչ 4-5-րդ դարեր: Եկեղեցին պատկանում է եռախորան անգմբեթ բազիլիկատիպ կառույցների շարքին: Խորհրդային Միության տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ, ինչի արդյունքում հիմնովին ավերվել է ծածկը, առանձնացել հարավային պատը:
2005-2006թթ նախագծվում և իրականացվում են եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները: Ներկայիս տարբերակում հին եկեղեցուց պահպանվել է միայն արևելյան կողմը` խորանի հատվածը: