Թալինի Կաթողիկե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: 7-րդ դարում կառուցված եռախորան, գմբեթավոր, բազիլիկատիպ եկեղեցի է, որը  համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Եկեղեցին կառուցել են 7-րդ դարի վերջում հայոց իշխան  տիտղոսը կրող Կամսարականները` մասնավորապես Ներսեհ Կամսարականը: Ճարտարապետական հորինվածքի նախատիպը համարվում է 7-րդ դարի սկզբին կառուցված Դվինի Կաթողիկե եկեղեցին:

Տաճարի կառուցման մասին մատենագրական ու վիմագրական տեղեկություններ չեն պահպանեվլ, սակայն ճարտարապետությունը վկայում է այն մասին, որ այն կառուցվել է ոչ ուշ, քան 7-րդ դարի վերջին` Զվարթնոցի տաճարից հետո, քանի որ եկեղեցին ունի Զվարթնոցի ազդեցությունը կրող շքեղ ճարտարապետական զարթաքանդակներ` խորանների ու գմբեթի թմբուկի դեկորատիվ կամարաշարեր, լուսամուտների  քանդակազարդ պսակներ, ցցուն բեկվածքներով  քիվեր և այլն: Եկեղեցու շրջակայքում վաղմիջնադարյան գերեզմանոցներ են, որտեղ կան 5-6-րդ դարերի քառանիստ կոթողներ, թեմատիկ հարթաքանդակներով 9-րդ դարի խաչքարեր: 

774 թ. Արաբներն ավերել են Թալին գյուղն ու գերեվարել բնակչության մեծ մասին: Աղետը հայոց պատմագրության մեջ հայտնի է Թալնո կոտորած անունով:

783 թ. Թալինի Կաթողիկե եկեղեցու պատին արձանագրություն է փորագրվել Թալին ջուր անցկացնելու մասին: Բագրատունիների կառավարման շրջանում տարածքը տևական խաղաղության ժամանակաշրջան է ապրել:  

1162թ Ելտկուզ ամիրան  հանկարծակի արշավել է Թալին և Աշնակ ավանների վրա, ավերածությունների մատնել շեները, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրել նաև Թալինի Կաթողիկե եկեղեցին: 1840թ եկրաշարժից եկեղեցին ավերավել է, քանդվել են գմբեթը և շենքի  հարավ-արևմտյան պատերը: 

1866թ Թալինում Սուբ Աստվածածին եկեղեցին կառուցելիս օգտագործել են կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր: 

Եկեղեցին մասնակի վերանորոգվել է 1947թ, իսկ 1970-74թթ վերակառուցվել է գմբեթի թմբուկը, նորոգվել է տանիքը, պեղումներով բացվել են 5-րդ դարի միանավ բազիլիկ  եկեղեցու հիմքերը:

Թալինի Կաթողիկե եկեղեցու ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդ են եղել, որոնցից պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ ավագ խորանում և շրջակա պատերին: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է եղել <<Քրիստոսը փառքի մեջ>> թեմատիկայի յուրահատուկ մեկնություն, որտեղ Քրիստոսի փոխարեն ներկայացված է եղել միայն նրա գահը: Պահպանվել է Տիրոջ գահի պատկերի աջ եզրը` վրան դրված գրքով: Ներքևում եղել են հասակով մեկ կանգնած առաքյալների պատկերները: Խորանի հարավային պատին դեռևս ուրվագծվում է  <<Մուտք Երուսաղեմ>> հորինվածքը: Պահպանվել են նաև երկու հեծյալների, մարդկային կերպարների այլ հատվածային պատկերներ:  

 

Եկեղեցու որմնազարդման պատվիրատուն է Մովսես եկեղեցապանը: Այդ մասին է վկայում  եկեղեցու ձախ ավանդատան պատին պահպանված եզակի արձանագրությունը: