Ջիպ տուրեր
20 մարդ
Արևածագի ձոր
Լոռու գեղեցիկ բնության և հրաշալիքների մասին շատ ենք լսել, այժմ գնում ենք բացահայտելու նրանցից մի քանիսը:
Տուրի առաջին կանգառը Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը կառուցվել է 1905-1907 թթ։ Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, որը պահպանվում է մինչ օրս։
Ճանապարհին կտեսնենք Պուշկինի և Գրիբոյեդովի հանդիպմանը նվիրված հուշարձան-աղբյուրը: Պուշկինի լեռնանցքը հայտնի է նրանով, որ 1829 թ. հունիսի 11-ին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, իր իսկ խոսքերով, լեռնանցքից ոչ հեռու, հայկական փոքրիկ Գարգառ գյուղի մոտակայքում հանդիպեց մի սայլ, որով Թիֆլիս էին տեղափոխում Թեհրանում սպանված ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի մարմինը, որը Իրանում Ռուսաստանի դեսպանն էր: 1938 թ. լեռնանցքում, ի հիշատակ այստեղ տեղի ունեցած վերոհիշյալ հանդիպմանը, կանգնեցվեց հուշարձան-աղբյուր՝ հանդիպումը պատկերող բրոնզե հարթաքանդակով։
Գյուլագարակում կտեսնենք Գյուլագարակի անանուն եկեղեցին, որը գտնում է գյուղի մեջ, կառուցվել է 1874 թվականին:
Տուրի հաջորդ կանգառը Վարդաբլուր գյուղն է, որտեղ կտեսնենք Վարդաբլուրի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և 12-րդ դարի Սուրբ Խաչ մատուռը, ինչպես նաև Վարդաբլուրի գեղատեսիլ եռագույն լճերը:
Տուրի հաջորդ կանգառը 6-րդ դարի Գտեվանքն է: Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, որ կառույցը վերարտադրվել է Կուրթանի եկեղեցու հորինվածքի փոքրացված չափերով:
Եկեղեցին սրահավոր միանավ թաղակապ դահլիճ է՝ հարավային կողմին կից ավանդատնով, որի արևմտյան պատն արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան: Եկեղեցու հարավային մասում տարածվում է միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը՝ պահպանված մոտ մեկ տասնյակ տապանաքարերով:
Ճանապարհը կշարունակենք դեպի անչափ գեղեցիկ Հնեվանք: Վանական համալիրը գտնվում է Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցին կառուցվել է VII դարում, սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ`եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում`ավանդատներով։
Հնեվանքից կշարժվենք դեպի Արևածագի ձոր, կտեսնենք Ձորագետն ու հայտնի դարձած Ցիցքարը, որտեղ կարելի է հանգստանալ և լուսանկարվել:
Ճանապարհը կշարունակենք դեպի «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի կիրճը: Լոռի բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ