Անհատական տուրեր
20 մարդ
Տաթևի վանք
Ծրագիր
530 Կմ
Տուրի առաջին կանգառը կլինի Շաքիի ջրվեժը, որի բարձրությունը 17 մ է։ Այն Հայաստանի ամենատպավորիչ ջրվեժներից մեկն է: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։
Այնուհետև կշարժվենք դեպի Հին Խնձորեսկ քարանձավային գյուղ, որը ունեցել է 11 պատմական թաղ/մայլա: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողնում: Նշանավոր հուշարձաններից է Խնձորեսկի բերդը: Բերդը 1728-1730թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը: Գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել են չորս եկեղեցի: Կանգուն են Ս. Թադևոս (17-18 դդ.) և Ս. Հռիփսիմե եկեղեցիները (1666թ.), Անապատի եկեղեցին խոնարհված է, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է 9-10 դդ. ժայռափոր եկեղեցի: Անապատ եկեղեցին եղել է գրչության կենտրոն, որտեղ գրվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր: Եկեղեցու բակի տապանատանն է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը:
Այստեղ կտեսնենք 160 մ երկարությամբ, 63 մ բարձրությամբ ճոճվող կամուրջը, որն իր տեսակի մեջ եզակին է: Այն գործարկվել է 2012թ-ին:
Այնուհետև կուղևորվենք դեպի Տաթևի վանական համալիրը: Տաթևի վանքը 9 դ. պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:
Ցանկացողները կարող են նստել «ՏաԹևեր»-ճոպանուղին: «ՏաԹևեր»-ը Հալիձորն ու Տաթևի վանքն իրար կապող անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի է: Այսօր ճոպանուղին ամենահայտնի և սիրված տուրիստական վայրերից մեկն է: Թռիչքը տևում է մոտ 12 րոպե (մինչդեռ Որոտանի կիրճի զառիթափ ոլորանով ձգվող ճանապարհը տևում է շուրջ 40 րոպե), որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ: Ուղևորների աչքի առաջ բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան, հին քարանձավային բնակավայրեր, ջինջ աղբյուրներ և հայտնի «Սատանայի կամուրջը»:
Ճանապարհին մի պահ կանգ կառնենք նաև Սատանի կամուրջի մոտ (Ք.ա. IV – II հազարամյակ): Այս հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած ստալակտիտները, իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ:
Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 23:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 85․000 դրամ,
2-3 անձ - 52․000 դրամ,
4-10 անձ - 40․000 դրամ,
11-20 անձ - 25․000 դրամ,
21-30 անձ - 17․000 դրամ