Խերթվիսին Վրաստանի հնագույն ամրոցներից մեկն է։ Որոշ պատմաբաններ այն դասում են Վրաստանի առաջին քաղաքների թվին։ Ամրոցի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ. այն հիշատակվում էր Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակաշրջանից ի վեր: Խերթվիսին գտնվում է Վարձիա քաղաքի հարևանությամբ: Այստեղով էր անցնում երկրի գլխավոր մայրուղին: Ամրոցը ընկած է ժայռոտ լեռան գագաթին, որը բաժանում է Քուռ գետը երկու բազուկի։
Լեգենդներից մեկի համաձայն, ամրոցն առաջին անգամ ավերվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ: Խերթվիսին քանդվել է նաև մոնղոլների կողմից, իսկ ավելի ուշ՝ երկրաշարժի արդյունքում։ Ամրոցը վերականգնվել և ընդլայնվել է XIV դ. կեսերին Գեորգի V օրոք։
1588 թ. Խերթվիսին նվաճեցին թուրքերը, հետո դարեր շարունակ բերդը կռվախնձոր դարձավ վրացական ու թուքական ուժերի միջև։ Միայն 1828թ բերդը վերջնականապես անցավ Վրաստանի վերահսկողության տակ։
2017-2018 թթ. Խերթվիսի ամրոցը բարեկարգվեց. վերանորոգվեց վարչական շենքը, այցելուների կենտրոնը, վերականգնվեցին դարպասները, ստեղծվեց ջրամատակարարման համակարգը, կառուցվեց ավտոկայանատեղին։