Բջնիի Սուրբ Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին: 1031թ վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Վանական համալիրը իր առաջին զարթոնքն ապրել է հենց Գրիգոր Մագիստրոսի և նրա անմիջական ժառանգների օրոք:

Եկեղեցու ճարտարապետական առանձնահատկություններից են ավագ խորանի կենտրոնի խորշը` գիպսե շրջանակով և ներսի պատերի երկայնքով ձգվող քարե դարակները, որոնք, հավանաբար, ծառայել են որպես վանքում գրվող բազմաթիվ ձեռագրերի պահոց:

1032 թ վանքում հաստատվել է արքեպիսկոպոսական աթոռ : Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի:

1062թ Գրիգոր Մագիստրոսի որդի ու Սուրբ Աստվածածին վանքի վանահայր տեր Վահրամը, ըստ Կիրակոս Գանձակեցու ընտրվել է կաթողիկոս` Գրիգոր 2-րդ Վկայասեր անվամբ:

12-րդ դարում վանքի հեղինակությունն էլ ավելի է մեծացել: 1113թ. Գրիգոր 3-րդ Պահլավունու հրավիրած Սև լեռան եկեղեցական ժողովի որոշմամբ կաթողիկոս կարող էին ընտրել 4 վանքերի` Տաթևի, Հաղպատի, Արտազ գավառի Սուրբ Թադեի և Բջնիի առաջնորդները:

Վանական համալիրի հաջորդ զարթոնքը կապվում է Զաքարյան իշխանական տոհմի անվան հետ:  Զաքարյաններն ազատագրել են վանքը սելջուկներից ու վերանորոգել այն` համալրելով աշխարհիկ շինություններով:

 

 

Վանքի պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ, որոնցում ներկայացվում են տարբեր իշխանների կողմից արված նվիրատվությունները, եկեղեցական կոնդակները և այլն:

1272թ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կառուցվել է թաղածածկ մատուռը, որի արևմտյան պատի խորշում խաչքար է ագուցվել: Վանքը ավերածությունների է ենթարկվել Լենկ Թեմուրի ու Շահ Աբասի արշավանքների արդյունքում: Վերջինիս ժամանակ նաև տեղահանվել է գյուղի բնակչությունը:

15-րդ դարում վանական կյանքը կրկին վերականգնվել է ու Բջնին վերականգնել է գրչության կենտրոնի իր նշանակությունը:

17-րդ դարի Ֆրանսիացի ճանապարհորդ և բուսաբան Շարդենը և Տուրնեֆորը իրենց հուշերում և ուղեգրություններում Բջնին ներկայացրել են որպես քաղաքային բնակատեղի:

 

1895թ Մկրտիչ խրիմյանի ջանքերով վանքում կառուցվել է դպրոցի շենքը: 1946 և 1957 թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է: