Չիչխանավանքը գտնվում է Լոռու մարզում` Սպիտակի Շիրակամուտ` նախկինում Նալբանդ գյուղի մոտակայքում: Վանքը գտնվում է գյուղի ներկայիս բնակելի հատվածից մոտ 500մ դեպի հարավ: Եկեղեցուց հարավ հոսում է Փամբակ գետի Չիչխանա կամ Չիչկանա վտակը: Նույն անունն է կրում նաև այն կիրճը, որտեղով հոսում է վտակը: Եկեղեցու ստույգ անունը հայտնի չէ և Չիչխանավանք է կոչվում ժողովրդի լեզվով: Անվան ստուգաբանությունը կապվում է տարածաշրջանում տարածված չիչխան բույսի հետ:
Եկեղեցու մասին պատմագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Փոխարենը Չիչխանավանքի պատերը պարունակում են բավական հարուստ փաստագրական նյութ: Մասնավորապես, եկեղեցու գրեթե բոլոր որմնաքարերը իրենց վրա կրում են այնպիսի վարպետական նշաններ, ինչպիսիք առկա են վաղ միջնադարյան հուշարձանների վրա` օրինակ Զվարթնոցի: Այս վարպետական նշաններն էլ թույլ են տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ոչ ուշ, քան 7-րդ դարը, քանի որ նման նշաններ ունեցող շինությունները թվագրվում են ամենաուշը 7-րդ դարով: Եկեղեցու պատերի վրա կա մեկ արաբերեն և մեկ արամեերեն արձանագրություն, որը բացառիկ երևույթ է, քանի որ Արտաշես 1-ի թողած հողաբաժան սահմանաքարերից բացի արամեերեն արձանագրություններ գեթե չեն պահպանվել: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, կենտրոնագմբեթ է, միախորան և ունեցել է միայն մեկ մուտք` հարավային կողմից:
Լինելով բլրի ստորոտում` եկեղեցին գրեթե հիմնովին ավերվել է 1926թ Գյումրու երկրաշարժից: Խորհրդային տարիներին եկեղեցին մասնակի վերակառուցվել է` կորցնելով իր նախնական հորինվածքային տարրերն ու նախկին դիմագիծը: Այս տարբերակը, սակայն, կրկին ավերվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից, որի էպիկենտրոնը Սպիտակի Նալբանդ գյուղն էր: Մեր օրեր Չիչխանավանքը հասել է ամբողջությամբ ավերված վիճակում և վերակառուցվել է անկախության տարիներին: Վերակառուցված տարբերակում պահպանված է միայն 7-րդ դարի համալիրի հատակագծային հորինվածքը: Ճարտարապետական առումով ներկայիս հորինվածքը աղերսներ չունի հնագույն կոթողի հետ: <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության նախաձեռնությամբ 2008թ տարածքում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքներ: Տարածքի ամենահետաքրքրական գտածոն կլորավուն, մոտ 1.5 մ բարձրության քարաշարն է, որը վարկածներից մեկի համաձայն՝ հեթանոսական կրակարան-զոհարանի մնացորդ է: Այդ մասին է վկայում նաև շինության պատերի վրա պահպանված մոխրաշերտը:
Այս բոլոր գտածոները, փաստագրական նյութը վկայությունն են այն բանի, որ վանքը հնագույն ժամանակներից սրբատեղի է հանդիսացել, և պատմության վայրիվերումներն ու անգամ երկու ավերիչ երկրաշարժերը չեն կարողացել մոռացության մատնել այս նշանավոր սրբատեղին: