Երերույքի տաճարը կամ սուրբ Կարապետ վկայարանը հայկական վաղմիջնադարյան կարևորագույն հուշարձաններից է, որը իր ճարտարապետական-գեղարվեստական և շինարարական լուծումներում կրում է անտիկ սասանյան և վաղ արևելաքրիստոնեական առանձնահատկությունների արձագանքը:

Երերույքի ճարտարապետական ավերակների համալիրը գտնվում է ՀՀ հյուսիս- արևմուտքում` ներկայիս Շիրակի մարզի հարավ-արևմտյան ծայրամասում, Անիպեմզա գյուղից արևելք:

Ըստ ավանդության Երերույք տեղանունը ծագում է «երերալ» բայից, որ նշանակում է տատանվել, ճոճվել: Անվան մյուս ստուգաբանությունը կապված է տեղանքում տարածված երեների որսի հետ: Ոմանք երերույք բառի հիմքում տեսնում են նաև արարույք` արարել արմատը:

Տաճարի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Փաստագրական նյութը ևս սակավ է: Տաճարի միակ արձանագրությունը կապված է 11-րդ դարում իրականացված վերանորոգման հետ: Արձանագրությունը վկայում է, որ Հովհաննես Սմբատ արքայի կինը նվիրատվություն է կատարել տաճարի վերանորոգման համար:

Ն. Մառը և համալիրի այլ հետազոտողներ Երերույքի ճարտարապետական կառույցի ծագումը վերագրում են սիրիականին, իսկ բազիլիկատիպ հուշարձանների տարածումը Հայաստանում կապում են եկեղեցական կյանքի սիրիական հոսանքի հետ:

Բարձրաստիճանի հիմնապատվանդանի վրա գտնվող տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Բաղկացած է եղել եռանավ աղոթասրահից, արևելյան կողմի կիսաշրջան ավագ խորանից, նրա աջ և ձախ կողմերի ավանդատներից, արևմտյան ճակատի երկու անկյունների սենյակներից և երեք կողմերի` հարավային, արևմտյան և հյուսիսային, արտաքին սյունասրահներից: Տաճարն ունի երեք մուտք ` մեկ արևմտյան և երկու` հարավային, և բազմաթիվ մեծ լուսամուտներ:

Համալիրը ներառում է մի շարք կառույցների մնացորդներ. կենտրոնում` բազիլիկը, նրա հյուսիսային, արևելյան և հարավային կողմերում մասնակի պարիսպ, բազիլիկի հարավ-արևմտյան կողմում` դամբարանադաշտ` բազում քառակուսի պատվանդաններով, որտեղ թաղված են գերազանցապես երեխաներ, կացարանններ, գոմեր նաև ժայռափոր սենյակներ: Համալիրի մասն է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումների ժամանակ:

Տաճարը հարուստ է բազմաթիվ գեղեցիկ զարդանախշերով ու խորաքանդակներով: Հատկապես գեղեցիկ են երեք մուտքերի բարավորներն իրենց զարդարանքի ճոխությամբ ու խորհրդաբանությամբ: Ոճավորված զարդանախշեր, քանդակազարդ խոյակներ ունեն նաև բազմաթիվ կամարներով առանձնացված լուսամուտախորշերը:

Բազիլիկի հարավային ճակատի արևելյան մասում` հարավ-արևելյան ավանդատան վրա առկա է հունարեն վիմագրություն` շարադրված հինգ տողով: Թարգմանաբար` «Քո տանը վայելուչ է սրբություն, ով Տեր, երկայն օրերով»: Սա Սաղմոսից մի հատված է, որ արտասանվում էր եկեղեցու օծման ժամանակ, իսկ 5-7րդ դարերում հաճախ նաև արձանագրվում եկեղեցիների պատերի վրա: