Հաղարծին վանական համալիրը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հեռավորության վրա: Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում: Շինարարական աշխատանքների հիմքը դրել են Բագրատունիները, բայց համալրին իր վերջնական տեսքը ստացել է Զաքարյան իշխանների կառավարման ժամանակաշրջանում:
«Հաղարծին»» բառացի նշանակում է արծիվների խաղ: Ըստ առասպելի` գլխավոր եկեղեցու օծման արարողության ժամանակ արծիվներ են պտտվել երկնքում: Հմայված արծիվների հրաշալի խաղով, մարդիկ կոթողը կոչել են խաղացող արծիվների վանք, ինչն էլ հետագայում հնչյունափոխվելով անվանվել է Հղարծին: Առասպելի արտացոլումը բարձրաքանդակի տեսքով կարելի է տեսնել գլխավոր եկեղեցու արևելյան պատի վրա: Պատկերված են երկու հոգևորականներ, որոնք իրենց ձեռքում են պահում եկեղեցու մանրակերտը, իսկ գլխավերևում ճախրում է արծիվը:
XIII դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։ Կաթսայի չորս կանթերն առյուծների արձանիկներ են։ Բրոնզաձույլ կաթսան այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում։
Համալիրի տարածքը ներառում է 3 եկեղեցի, աղոթարաններ, սեղանատուն, խաչքարեր: Սուրբ Գրիգորը վանքային կառույցի վաղագույն եկեղեցին է: Կառուցման մասին վիմագրական ու մատենագրական տեղեկություններ չկան, բայց հետազոտողներից մեծ մասի կարծիքով, այն թվագրվում է X-XI դարերով: Սուրբ Գրգոր եկեղեցու վերանորոգման մասին արձանագրությունը փաստում է, որ այն ավերվել է սելջուկների կողմից և վերանորոգվել 1184 թ.-ին: Եկեղեցին ունի խաչագմբեթ հորինվածք: Ուղղանկյուն պարագծի մեջ տեղավորված են խաչաձև աղոթասրահը և չորս անկյունների ավանդատները: Ծավալատարածական հորինվածքում իշխող թմբուկն ութանիստ է, այն պսակող վեղարը` նույնպես: Կոթողը կառուցված է տեղական դեղնավուն կրաքարից: Պատերի ներսի կողմի շարվածքում օգտագործված են կիսամշակ, դրսից` կանոնավոր սրբատաշ քարեր: Ներսի պատերը տեղ-տեղ պատված են եղել կրաշաղախով, որոնց վրա պահպանվել են որմնանկարների հետքեր: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմի գավթից է: Սբ․ Գրիգորին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը կառուցել է Իվանե Զաքարյանը 12-րդ դարում, իսկ հյուսիսից՝ Սբ․ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Գխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է, որը իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Իր ճարտարապետական հորինվածքով հետաքրքիր շինություն է վանքի սեղանատունը, որն իրենից ներկայացնում է ուղանկյուն հատակագծով սյունազարդ սրահ:
Համալիրի վերջին նորոգումը տեղի է ունեցել 2005 թ.-ին Շարժայի շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիիի տրամադրած միջոցներով: Համալիրի վերանորոգման համար ծախսվել է 5 մլն դոլար: