Հնեվանքը վանական համալիր է Հայաստանի Լոռու մարզում: Կուրթան գյուղից արևելք` Ձորագետի աջ ափին: Կառուցվել է 7-րդ դարում: Ներկայիս կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցիներ ու բազմաթիվ բնակելի օժանդակ շինություններ: Համալիրի հնագույն` գլխավոր եկեղեցին կառուցված է դեղնավուն սրբատաշ ֆելզիտից: Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, եռախորան գմբեթավոր կառույց է: Պատերը հիմնականում առանց երեսեպատման են: Մեկական պատուհաններ են բացվում խորանից և թմբուկի ճակատային նիստից, որոնք եզրագծված են եղել բուսական ու կենդանական զարդանախշերով:
1123 թ վրաց Դավիթ շինարար արքան Տաշիր-Ձորագետի թագավորությունն ամբողջությամբ հանձնում է ամիրսպասալար Իվանե Օրբելյանին: 1128թ. ամիրսպասալար է դարձել Իվանեի որդի Սմբատը, որը 1154թ վերանորգել է համալիրի գլխավոր եկեղեցին, ինչի մասին է վկայում թմբուկին պահպանված վրացերեն արձանագրությունը: Վերջինիս 1186-1206թթ արևմուտքից կցվել է գավիթը: Միաժամանակ կառուցվել է միանավ գմբեթավոր սրահը, որը հյուսիսից բացվում է գավթի մեջ: Եկեղեցու պատերին պահպանվել են վրացերեն արձանագրություններ:
Եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում: 21-րդ դարում մասնակի վերանորոգվել է, իսկ 2006թ տեղի է ունեցել խաչի վերաօծման ու տեղդրման արարողությունը: