Պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Երասխ գետի ձախ ափին է գտնվում քրիստոնյա Հայաստանի՝  Ս. Էջմիածնից հետո երկրորդ խոշոր սրբավայրը համարվող, Հայոց Մեծ դարձի նախասկիզբ Խոր Վիրապ նշանավոր վանական համալիրը (ներկայումս ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ - արևմուտք, Խոր Վիրապի տասներկու մեծ ու փոքր բլուրներից 6-րդ բլրի արևելյան լանջին)՝ հայտնի նաև Արտաշատի գուբ:

Հայոց Մեծ դարձի առանցքային կենտրոնը համարվող Խոր Վիրապ նշանավոր վանական համալիրի պատմության վերաբերյալ հարուստ նյութ է ամբարված ինչպես հայ մատենագրության մեջ, այնպես էլ տարաբնույթ ուսումնասիրություններում: Վանքը սերտորեն առնչվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման իրադարձությունների հետ, ինչով էլ պայմանավորված է վանքին տրված «քրիստոնեական նախասկիզբ սրբավայր» բնութագրական ձևակերպումը:

Հայ եկեղեցու ավանդության համաձայն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, գալով Հայաստան խաչի նշաններ են դրոշմում ժայռերին ու իջևանում Արտաշատի բլուրների վրա: Ի նշան պատմական այս իրադարձության 2015թ 7 մ բարձրությամբ խաչ է  կանգնեցվում, որ կոչվում է օդյաց խաչ:

Աստվածային նախախնամությամբ այս վայրն հետագայում նորից էր սրբագործվելու: Առաքյալների այցից 2.5 դար անց  հանուն իր քրիստոնեական հավատի նորից էր մաքրագործվելու ու  վայրը նշանավորելու հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Ագաթանգեղոսը հաղորդում է, որ Գրիգորը, Անահիտ աստվածուհուն երկրպագելուց հրաժարվելու պատճառով նետվում է Արտաշատի քաղաքային բանտի` մահվան դատապարտվածների գուբը, որտեղից ողջ դուրս  գալն անհննար էր, մինչդեռ Գրիգորը, շնորհիվ բարեսիրտ քրիստոնյա կնոջ, ով ամեն օր մի կտոր հաց էր գցում վիհի առաստաղի անցքից, փոսում մնում է 13-15 տարի:  

301թ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալը խորհրդանշում է հայերի մեծ դարձը: Տրդատ 3-րդ մեծն ինքն է հրամայում ավերել մեհյաններն ու դրանց փոխարեն եկեղեցիներ կառուցել: Քրիստոնեությունը Հռչակվում է պետական կրոն, իսկ Գրիգորն էլ դառնում հայ եկեղեցու առաջին հոգևոր առաջնորդը` Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Շատ հաճախ հայ առաքելական եկեղեցին Գրիգորի անվամբ կոչվում է Գրիգորյան կամ Լուսավորչական:

Հայ մատենագրությունը հարուստ տեղեկություններ է հաղորդում նաև վիրապի տեղում վկայարան, ապա վանք հիմնելու մասին: Սուրբ Վիրապը և Արտաշատի հեթանոսական տաճարի փոխարեն քրիստոնեական եկեղեցու կառուցումն,  հիշատակված են դեռևս 4-5-րդ դարից, որոնք երկուսն էլ ավերվել են պարսկական արշավանքներից: 

Հոգևոր կենտրոնի ձևավորման վերաբերյալ հետագա՝ առավել հիմնավոր վկայությունները 7-րդ  դարից են: « Շինող» մականվամբ Ներսես Գ. Տայեցի (641-661) կաթողիկոսը 7-րդ դարի կեսերին վիրապի վրա կառուցել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որն ըստ մատենագրական վկայությունների, զվարթնոցատիպ հորինվածք ուներ:   Ներկայիս աղոթատունը թաղածածկ շինություն է, որը կառուցվել է 1662թ ակուլեցի և թիֆլիսեցի առևտրականների ծախսերով: 

Վանական համալիրի գլխավոր կառույցը` Սուրբ Աստվածածինը ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր սրահ է: Կառուցվել է 17-րդ դարում, Դավիթ երկրորդ տփղիսեցի վարդապետի վանահայրության շրջանում: Կոթողը բազմիցս տուժել է երկրաշարժերից, հատկապես 1679թ, երբ վնասվել են Արարատյան դաշտավայրի բոլոր կոթողները:  Խոր Վիրապի համալիրի կառույցները վերանորոգվել են մինչև Դավիթ  Տփղիսեցու մահը: Վերջին վերանորոգումն իրականացվել է  Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակի միջոցառումների շրջանակներում` 2000-2001թթ: 

Ի  տարբերություն   հայկական միջնադարյան եկեղեցիներին բնորոշ խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծային  լուծման, Սուրբ Աստվածածինը ձգված թաղակապ սրահ է:  Արտաքուստ այն պսակված է ութկողանի թմբուկի վրա դրված կոնաձև գմբեթով: Արևմուտքից եկեղեցուն կից է 19-րդ դարի վերջում կառուցված ութսյունանի զանգակատունը: Արևելքից  պատի մեջ ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր  հարթաքանդակը: Պատկերված է Գրիգոր Լուսավորիչը` ձախ ձեռքում Սուրբ գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բժշկում է Տրդատ արքային: 

Համալիրն այսօր ներառում է նաև արևմուտքից արևելք ձգված բրգաձև պարիսպը, որի պատերի երկայնքով ձգվում են սեղանատունը, վանատունը և այլ օժանդակ կառույցներ: 13-րդ դարից ի վեր վանքը հիշատակվում է նաև  որպես միջնադարյան Հայաստանի  նշանավոր դպրատուն և գրչության կենտրոն:

 

Ամեն տարի Լուսավորչին նվիրված տոների ժամանակ Մայր Աթոռից այստեղ է բերվում Սրբի մասունքը: Խոր վիրապի վանական համալիրը, իր վեհությամբ, դեպի սրբազան Արարատը բացվող չքնաղագույն տեսարանով այսօր էլ դեպի իրեն է կանչում բազմաթիվ ուխտավորների Հայաստանից ու ամբողջ աշխարհից: