Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի հյուսիս-արևելյան կողմում` սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների  նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի վկայության, այստեղ 301թ Գրիգոր Լուսավորչի  գլխավորությամբ ու նրա գծած հիմքերի վրա Տրդատ 3-րդ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին կառուցել են վկայարան, կիսագետնափոր դամբարան, վրան մասիս լեռան լանջից Տրդատ 3-րդի բերած քարերից 40 ամպհովանի են պատրաստել: 395 Սահակ Պարթը վերականգնել է սուրբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր պարսից Շապուհ արքան: Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի 618թ Կոմիտաս 1-ին Աղցեցի կաթողիկոսը քանդել է վկայարանը ցածր ու մթին լինելու պատճառով և տեղում, սրբատաշ տուֆից կառուցել այսօր կանգուն սուրբ Հռիփսիմե տաճարը: Այն  կենտրոնագմբեթ է, քառախորան: Իր ճարտարապետության կատարելությամբ սուրբ Հռիփսիմե եկեղեցին հետագայում հռիփսիմեատիպ կոչված եկեղեցիների լավագույն օրինակն է: Այս շարքին են պատկանում Ավանի սուրբ Հովհաննես, Արամուսի Ծիրանավոր սուրբ Նշան,  Արծվաբերի սուրբ Աստվածածին, Աղթամարի վանքի սուրբ Խաչ և այլ եկեղեցիները:

Կոմիտաս կաթողիկոսը եկեղեցու պատերին թողել է երկու արձանագորություն, որոնցից ավագ խորանի արձանագրությունում իրեն անվանել է եկեղեցու շինող: Հայկական  վաղ միջնադարյան լեզվամշակույթում շինող բառը կիրառվել է ճարտարապետ իմաստով, հետևաբար Կոմիտաս կաթողիկոսը եղել  է նաև ճարտարապետը: 628թ կաթողիկոսը վախճանվել է, իսկ նրա մարմինն ամփոփվել է սուրբ Հռիփսիմեի դամբարանի առջև` եկեղեցու ներսում:

17-րդ դարի սկզբին վանքը եղել է կիսավեր և լքված: Ըստ Առաքել Դավրիժեցու այդ տարիներին եվրոպացի միսիոներները, որոնք ևս եկել էին թալանելու հայկական մշակույթի գանձերն ու սրբությունները,  ավերել են  դամբարանը և փորձել թալանել սրբուհու մասունքները: Հետագայում Էջմիածնի Գրիգոր և Վարդան եպիսկոպոսները հետ են խլել մասունքներն ու նորոգել դամբարանը: Եկեղեցու արևմտյան մուտքի առջև թաղված են կաթողիկոսներ Ասվածատուր 1-ին Համադանցին և Կարապետ Ուլնեցին: Արևելյան մասում ևս 17-րդ դարում գործած հոգևորականների շրմաքարերն են: 

 Պեղումներով բացվել են  որպես խարիսխներ օգտագործված հոնիական ոճի քանդակներով խոշոր քարեր, որոնք, ըստ երևույթին, պատկանել են  հին Վաղարշապատի հեթանոսական տաճարներից  որևէ մեկին: Դրանց այդօրինակ տեղադրությունը խորհրդանշել է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: 1979թ Էջմիածնի սուրբ  Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում պեղումներով բացվել են 4-5-րդ դարերի միանավ եկեղեցու հիմքեր, իսկ հյուսիսային պարսպից դուրս` վաղ միջնադարյան հնձան:  

1987թ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է: Եկեղեցու նվիրաբերության օրը ընդունված է համարել սուրբ Զատկի  հաջորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: