Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղում` Որոտան գետի վտակին հարակից անմատչելի բարձունքի վրա: Ըստ ավանդության, համալիրն իր անունը ստացել է Սբ. Թադեոսի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի վանքի առաջին եկեղեցին` փոքրիկ, անշուք մի կառույց կառուցվել է IV դարում: Համալիրը VIII դարի վերջին արդեն եղել է սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այդ տարիներին այստեղ են բերվել ու պահվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե Բաբկենյան խաչը, Բյուզանդիայից աստվածամուխ խաչը, Սբ. Գրիգոր Լուսավորչի, Սբ. Հռիփսիմեի մասունքները:
IX դարում կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքն ընդարձակվել է` դառնալով խոշոր կալվածատեր` սեփականացնելով հարակից Տաթև և Նորաշենիկ գյուղերը:
848թ. իշխան Փիլիպեն կառուցել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վանահայր Սողոմոն եպիսկոպոսը 881թ. Սուրբ նշանի համար պատրաստել է թանկարժեք քարերով զարդարված խաչ: Սյունյաց իշխանների` հատկապես Աշոտ Սյունու և նրա կին Շուշանի, հովանավորությամբ կառուցվել է հայկական միջնադարյան խոշորագույն կառույցներից մեկը` Պողոս Պետրոս տաճարը: Տաճարը կառուցվել է 895-906թթ.: Տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, իսկ առաքյալների մասունքները դրվել են մույթերի հիմքում: Տաճարի օծման առթիվ ներկա գտնվողները գյուղեր ու կալվածքներ են նվիրել Տաթևի վանքին: Ավելացնենք, որ հարակից գյուղերի բնակիչները ընբոստացել են, ապստամբել` վանքից գողանալով շատ հարստություններ:
IX դարում վանքը Հայաստանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկն էր ` շուրջ 500 միաբաններով ու վարդապետարանով: Վանքում աշխատել ու ստեղծագործել են գրիչներ, փիլիսոփաներ, մանրանկարիչներ: Վանքում հոգևորականների մեջ ծագած խժդժությունները նպաստել են, որ Երնջակի, Գողթնի, Գեղարքունիքի հոգևոր առաջնորդները հրաժարվեն ճանաչել Տաթևի գերագահությունը և հիմնել են առաձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանությունները խլել են մեծաթիվ վանքապատկան հողեր: 1006թ. կաթողիկոս Սարգիս Սևանցու շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նախկին կալվածքնեը:
1046թ վերանորոգվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, նրա սյան վերևում ագուցելով սրբի մասունքները: Այնուհետև համալիրն ամբողջացվել է գավիթներով, պարիսպներով` վրան Սբ. Աստվածածին կենտրոնագբեթ եկեղեցին:
1138թ. երկրաշարժից ընկել է Սբ. Պողոս Պետրոս եկեղեցու գմբեթը, ավերվել է Սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցին: Այնուհետև սելջուկ-թուրքական վայրագությունների ու ավերումների հետևանքով վանքն ամայացել է, իսկ միաբանները տեղափոխվել են Նորավանք: XIII դարում համալիրը կրկին հզորացել է, իսկ Ստեփանոս Օրբելյանը օծվել է որպես սյունյաց մետրոպոլիտ:
1295թ. Ստեփանոս Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և վանքին նվիրել Արիթ գյուղը: Ստեփանոս Օրբելյանը Տաթևի վանքում ավարտել է “Պատմություն Սիսական տան” աշխատությունը: Վանքը գիտամշակութային վերելք է ապրել` իր հարկի տակ համախմբելով ժամանակի խոշոր մտածողներին: Կրոնավորների թիվն ավելացել է` հասնելով 1000-ի: 895թ հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կենտրոն` հիմք հանդիսանալով նոր` բարձր տիպի դպրոցի: Վանքին կից X դարում գործել է Տաթևի գրադարանը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911-12թթ.: Վանքի` ավերից ու թալանից փրկված հարյուրավոր ձեռագրեր պահվում են Մատենադարանում:
1381-1387թթ. Լենկ Թեմուրի արշավանքների հետևանով վանքը կողոպտվել է, կոցրել կալվածքների մեծ մասը:
Վանքի հաջորդ ծաղկունքը վերաբերում է XVII-XVIII դարերին: Իսկ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ անցնելուց հետո վանքը նորոգվել է, իսկ վանքի կալվածքները վերականգնվել: Իր գեղարվեստական լուծումներով հատկապես մեծարժեք են Պողոս-Պետրոս եկեղեցու` ամբողջական պահպանված որմնանկարները, որը պատկերացնումներ են տալիս IX-XI դդ. Հակ որմնանկարչական արվեստի մասին:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Նաումովի