Զվարթնոցի գլանաձև, եռաստիճան տաճարն իր կառուցվածքով աննախադեպ է հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ: Մինչ այդ կառուցված եկեղեցիները ո 'չ իրենց կառուցվածքով և ո 'չ ճարտարապետական ձևով նման չեն եղել Զվարթնոցին: Այն, հիրավի, հայկական միջնադարյան ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցն է: 7-րդ դարում Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կառուցած այս տաճարը պատմիչ Սեբեոսն է անվանել Զվարթնոց: Զվարթնոց անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն` հրեշտակ բառին: Տաճարի պաշտոնական անվանումն է Առապարի Սուրբ Գրիգոր: Ըստ պատմագիտական աղբյուրների տաճարի հիմքում են թաղվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Տաճարի ավերման մասին պատմագրական տեղեկություններ չկան: Ըստ Ագաթանգեղոսի այստեղ եղել է Տիր աստծո հեթանոսական մեհյանը: Ապա այստեղ է Խոր Վիրապից ելած Գրիգոր Լուսավորչին դիմավորել Տրդատ Մեծը: Զվարթնոց նշանակում է զվարթունների` հրեշտակների դաս և ըստ ավանդության միածինը այստեղ է երևացել վիրապից նոր դուրս եկած Գրիգոր լուսավորչին և ցույց տվել մայր աթոռի կառուցման վայրը:
Հավանաբար ավերվել է երկրաշարժից, արաբական արշավանքներից, ինչպես նաև կա կարծիք, որ այն ժողովրդի ձեռքով է քանդվել: Հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը:
Տաճարը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզում, Երևանից 16կմ հեռավորության վրա: Տաճարի ավերակները բացահայտել և պեղումները ղեկավարել է Թորոս Թորամանյանը 1901-1904թթ.:
Ըստ Թորոս Թորամանյանի` տաճարն ունեցել է եռահարկ կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ տիպի շինություն: Տաճարն ունեցել է 45մ բարձրություն, և կառուցված է եղել 2մ բարձրություն ունեցող հարթակի վրա: Ըստ Թորամանյանի տաճարի հատակագծի հորինվածքային հիմքում ընկած է եղել հավասարաթև խաչը: Խաչի երեք թևերը իրենցից ներկայացնում են կիսաշրջաններ` յուրաքանչյուրում վեցական սյուն: Զվարթնոցի տաճարի Թորամանյանական վերակազմությունը այնքան ժամանակ անհավանական թվաց, մինչև որ Նիկողայոս Մառի կողմից հայտնաբերվեց Գագիկ առաջինի բարձրաքանդակը` զվարթնոցատիպ տաճարը ձեռքին:
Հայկական լեռնաշխարհում գտվել են զվարթնոցատիպ մի քանի եկեղեցիներ. Բանայի տաճարը Տայքում (7-րդ դար), Իշխանի տաճարը Տայքում (7-րդ դար), Լյակիթի տաճարը (7-րդ դար) Աղվանքում` ներկայիս Ադրբեջանի տարածքում, Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Գագկաշեն եկեղեցին (11-րդ դար), որն այսօր գտնվում է արմ. Հայաստաի տարածքում, որոնք բոլորն էլ ավերված են:
Տաճարի տարածքում գտնված յուրահատուկ նմուշներից է արևի ժամացույցը, որն այստեղ ամբողջական շրջանի տեսքով է ներկայացված և ունի գրություն. <<ամենայն ժամ աղոթեցեք>>: Այն, որ տաճարն ունի հստակ բյուզանդական ճարտարապետական ազդեցություն, ակնհայտ է, իսկ թե դավանաբանական ինչ ուղղության է պատկանել, մինչ օրս տարակարծությունների ու բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տալիս: Իր հորինվածքով Զվարթնոցը կրկնում է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի ռոտոնդան: