Զվարթնոց
Դասական տուրեր
20 մարդ
Արմավիրի մարզ
Մեր այսօրվա տուրը սկսում ենք Սարդարապատի հուշահամալից և Հայոց ազգագրության թանգարանից: Հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ճիշտ ճակատամարտի տեղում է կառուցվել հուշահամալիրը: Հայոց ազգագրության թանգարանում պահպանվում են հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու մշակույթը ներկայացնող հազարավոր ցուցադրանմուշներ՝ սկսած վաղ բրոնզե դարից մինչև մեր օրերը: Թանգարանը ունի նաև հայկական ավելի քան 20 հազարգորգերի ու կարպետների հավաքածու:
Ճանապարհը կշարունակենք դեպի «Մեծամորի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և աստղադիտարան:
Ճանապարհը կշարունակենք դեպի Ակնալիճում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական Զիարատ տաճարը, որը կառուցվել է 2012 թ.-ին: Սրբատեղիի տարածքում տեղ է գտել նաև «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալիրը:
Տուրը կավարտենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելությամբ: Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը: Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից: