Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի Ճգնավոր լեռան (Փամբակի լեռնաշղթա) կատարին, 2157մ  բարձրության վրա:  Հարթագյուղ գյուղը նախկինում Ղալթախչի անունով ընդգրկված է եղել Երևանի նահանգի կազմում: Անցյալ դարում մատուռը եղել Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտատեղիներից մեկը: Ղալթաղչին թուրքերեն բառ է, որ թարգմանաբար նշանակում է թամբագործ` ցույց տալով բնակիչների զբաղունքը: Բարձրությունը ծովի մակարդակից 1730մ է: Գյուղի ներկայիս բնակիչները հաստատվել են Մուշից, Բասենից,  Ալաշկերտիկ, Վանից ու Կարսից: Սուրբ Հովհաննես մատուռը կառուցվել է 1958թ սուրբ Հովհաննեսի աճյունի ամփոփան վայրում: Մատուռ հասնելու համար սարն ի վեր 3կմ ճանապարհ պետք է անցնել ոտքով: 

Ըստ ավանդության` 13-րդ դարի կեսին Սուրբ Հովհաննեսի աճյունը հայ և եզդի զորավարների նախաձեռնությամբ տեղափոխվել է Հայաստան, որից հետո նրանից մի մասունք  թաղվել է մատուռի տեղում, վրան խաչ է կանգնեցվել: Խաչը 1958թ.-ին փոխարինվել է Սուրբ Հովհաննես մատուռով:

2157 մետր բարձրության վրա գտնվող մատուռի մասին լեգենդների ու պատմությունների թիվը օր օրի աճում է: Սրբի հրաշագործ ուժի, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները բազմաթիվ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե անկեղծ հավատով ես գալիս, ապա երազանքներդ ու ցանկություններդ անպայման կիրականացվեն:  Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ անսասան կանգնած է սպիտակ սրբատեղին: Մատուռի մոտակայքում կա 200-ից ավելի խաչքար, դրանցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը: Ասում են՝ սրբատեղին այցելած այն ուխտավորները, որոնց իղձերն ի կատար են ածվել, 2005թ.-ից սկսած կանգնեցրել են այստեղ յուրաքանչյուրը մի խաչքար: