Ակնա լիճը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք՝ ծովի մակերևույթից 3030 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 0,5 կմ², ջրափնյա գծի երկարությունը՝ 2,3 կմ: Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն։

Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Լճի ջուրը մաքուր է և քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 մլն մ³։

1959 թվականին լիճը պատվարելու միջոցով ստեղծվել է ջրամբար։ Այն վերակառուցվել է 1976 թ.-ին։ Պատվարը հողային է, երկարությունը 360 մ է։ Ձմռանը լիճը սառցակալում է։

 

Լիճը շրջապատված է Գեղամա լեռնագագաթներով (Ակնասար, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք, Գեղմաղան, Աղուսար և այլն), որոնք արտացոլվում են լճի ջրերում՝ այն դարձնելով էլ ավելի գեղեցիկ:

Լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի