Հռոդոսը հայտնի հանգստավայր է և Հունաստանի ամենամեծ կղզիներից մեկը:  Հռոդոսի ափերը ողողվում են Էգեյան և Միջերկրական ծովերի ջրերով։ Օդանավակայանը գտնվում է կղզու հյուսիսում՝ Հռոդոս քաղաքից 16 կմ հեռավորության վրա։ Հռոդոսը բաժանված է մի քանի հանգստավայրերի, այն է՝ Ֆալիրակի, Յալիսոս, Իքսիա և Կալիթեա։

Հռոդոս կղզու կլիման միջերկրածովյան է։ Ամառվա ամիսներին այստեղ շոգ է, իսկ ձմեռները մեղմ են։ Թեթև քամիների շնորհիվ շոգը Հռոդոսում հեշտ է տանել։ Լողանալու սեզոնը սկսվում է մայիսին և տևում է մինչև հոկտեմբերի վերջ։

Զբոսաշրջիկների համար դեպի Պրասոնիսի հրվանդան, որտեղից կարելի է տեսնել, թե ինչպես են  միաձուլվում Էգեյան և Միջերկրական ծովերը,  կազմակերպվում են «Երկու ծովերի համբույր» անվամբ էքսկուրսիաներ։ Միջերկրական ծովն ավելի հանգիստ է, քան Էգեյան ծովը։ Միջերկրական ծովի ափին կան ավազոտ լողափեր, Էգեյան ծովի ափին լողափերը հիմնականում ճալաքարային են։

Ափամերձ Ֆալիրակի գյուղը Հռոդոսի՝ զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից է, այն նախատեսված է ընտանեկան հանգստի համար: Այստեղ  ուժեղ ալիքներ չկան և կարելի է սահուն մտնել ջուրը:  Ֆալիրակիում կամ բազմաթիվ  խանութներ և ռեստորաններ։ Ուշ ժամերին կենտրոնական փողոցներում եռում է գիշերային կյանքը՝ բարերով և գիշերային ակումբներով։ Հյուրանոցների մեծ մասը գտնվում է կենտրոնից հեռու:  Ֆալիրակիից կարելի է ավտոբուսով հասնել Լինդոս և Հռոդոս։

Իքսիա ավանը Հռոդոսի ամենահանգիստ վայրերից է։ Այստեղ կան բարձրակարգ հյուրանոցներ, բարեր, ռեստորաններ և խանութներ։ Հենց Իքսիայում են հանգստանում պարասեյլինգի և վինդսերֆինգի սիրահարները։

Յալիսոսը Հռոդոսի մեծությամբ երկրորդ քաղաքն է և Հռոդոսի ամենահին քաղաքներից մեկը:  Յալիսոսում հիանալի պայմաններ եմ կայտսերֆինգի և վինդսերֆինգի համար։ Այստեղի լողափերը ճալաքարային են:

Կալիթեան  մարդաշատ և աշխույժ հանգստավայր է, որը գտնվում է Հռոդոս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Այստեղ չկա ոչ աղմուկ, ոչ իրարանցում, միայն  հանգիստ լողափեր և փոքրիկ ռեստորաններ։

 

Հռոդոսի տեսարժան վայրերը

 

Ըստ լեգենդի, հենց Հռոդոսում էր գտնվում Զևսի հսկայական արձանը՝ Հռոդոսի կոթողը, որը ճանաչվել է  աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կոթողն ավերվել է երկրաշարժի պատճառով, սակայն պահպանվել են բազմաթիվ այլ հին ​​հուշարձաններ, օրինակ՝ Լինդոսի ակրոպոլիսը, հին եկեղեցիներն ու մատուռները, Հռոդոսի միջնադարյան ամրոցը։

Լինդոսում է գտնվում հիասքանչ ակրոպոլիսը, որի դիտակետից բացվում է Սուրբ Պետրոսի ծոցի հրաշալի տեսարանը։ Ակրոպոլիսը գտնվում է բլրի վրա: Լինդոս քաղաքը բաղկացած է ձյունափայկ շենքերից, փողոցները պատված են ճալաքարով և  զարդարված են շատրվաններով:

Հին Հռոդոսում, որը կոչվում է նաև «ասպետների քաղաք», ցանկալի է այցելել  Հռոդոսի ամրոցը:

Հունաստանը ուղղափառ երկիր է, ուստի այստեղ կան բազմաթիվ եկեղեցիներ և մատուռներ։ Հռոդոս կղզում է գտնվում Սուրբ Պանտելեյմոնի վանքը, որտեղ պահվում է նրա մասունքների մասնիկը։

Ուխտավորների համար կարևոր մեկ այլ վայր է Կոլիմբիայի մոտակյքում գտնվող Յոթ աղբյուրները։ Զմրուխտե կանաչներում հորդում է յոթ սառը աղբյուր: Համարվում է, որ մարդը կարող է բոլոր մեղքերի համար ներում ստանալ, եթե անցնի մութ թունելով, որտեղ յոթ աղբյուրները ձուլվելով դառնում են մի առու: Առուն թափվում է լճակի մեջ, որի ափերով զբոսնում են սիրամարգերը:

Հռոդոսի ևս մի կախարդական վայր է Թիթեռնիկների հովիտը՝ Պետալուդեսը, որը գտնվում է Թեոլոգոս գյուղի մոտ։ Ամռանը ծառերի վրա են հավաքվում հազարավոր թիթեռնիկներ, որոնք ամբողջությամբ ծածկում են ծառերի բներն ու ճյուղերը: