Ամրակից գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի  Ստեփանավան տարածաշրջանում` Ստեփանավան քաղաքից 2 կմ  արևելք:  Ամրակից գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 30 կմ: Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ. պատմական Ամրակ գյուղի տեղում: Հիմնադրումից հետո կրել է Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա անվանումները: 1938 թ. վերանվանվել է Կիրով,  1991 թ.՝ Ամրակից: Գյուղը գտնվում է Ձորագետի աջ ափին` Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին` ծովի մակարդակից 1380 մ  բարձրության վրա: 2017 թ. գյուղը ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի կազմում: 

  Ամրակիցը մինչև 1960-ական թթ. ռուսական  գյուղ էր: Ներկայումս հիմնականում հայաբնակ է: Գյուղը հարուստ է պատմամշակութային  հուշարձաններով, այդ թվում միջնադարյան Ամրակ բնակատեղիով, բայց հռչակված է իր Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցիով:

 

Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին ռուս ուղղափառ եկեղեցի է:  Հիմնադրվել է 1848 թ.  ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա գյուղի ռուս ուղղափառների համար: Այլ տվյալներով կառուցվել է 1879 թ: 1910-14 թթ.  վերակառուցվել է` ստանալով այժմյան տեսքը: Գործել է մինչև 1988թ.: Զգալիորեն ավերվել է Սպիտակի երկրաշարժից, այժմ գտնվում է վթարային վիճակում: 2009 թ. նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի:  Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը: Կառույցը քարաշեն է` փայտաշեն տանիքով:  Կառուցվել է  ճարտարապետ Անդրեյ Ապլաքսինի նեոռուսական ոճով: Այժմ չգործող եկեղեցի է, որը պատմության ու վերջինիս որոշակի փուլում այստեղ գոյություն ունեցած աշխույժ ռուսական կյանքի լուռ վկան է: