Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մեծ թաղի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում դեռևս XIII դարից հիշատակված Անապաստանաց վանքը (Մեղրիի վանք), որից մնացել են միայն XVII դարում կառուցված Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և կիսաքանդ նախասրահ-գավիթը: Վանքը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի տան պատմություն>> աշխատության մեջ: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Սյունիքում XVII դարում կառուցված հատուկենտ գմբեթավոր եկեղեցիներից է: Հորինվածքով այն գմբեթավոր բազիլիկ տիպի կառույց է՝ աղյուսաշեն գմբեթով, չորս գմբեթակիր մույթերով և ավագ խորանին կից երկու ավանդատներով: Եկեղեցու ներսը որմնանկարվել է ամենաքիչը երկու անգամ՝ 1745 և 1793 թվականներին: 1745 թ. շերտից պահպանվել են անհայտ սրբի պատկերն ու ծաղկատերևային զարդամոտիվները ավագ խորանում, երկու սուրբ ձիավորների պատկերները հարավարևելյան մույթի հյուսիսային և հյուսիսարևելյան մույթի հարավային երեսներին, 1793 թ. շերտից՝ Միքայել հրեշտակապետի երկու պատկերները ավագ խորանի հյուսիսակողմյան և հարավակողմյան որմնամույթերի արևմտյան երեսներին: Կա կարծիք, որ վաղ շրջանի որմնանկարները պատկանում են Հովնաթանյանների վրձնին:
Որմնանկարների մյուս խումբը 1793 թ. կատարել է նկարիչ Աստվածատուր Աստապատցին: Նա ավագ խորանի հյուսիսակողմյան և հարավակողմյան որմնամույթերին նկարել է Միքայել հրեշտակապետի երկու պատկերները:
Թե ' եկեղեցին և թե ' որմնանկարները մինչև վերջերս գտնվում էին բավականին վատթար վիճակում: Եկեղեցու՝ 2017-2019 թթ. վերականգնման աշխատանքների ընթացքում մաքրվել և ամրակայվել են նաև որմնանկարները: