Բերքաբերի (Ջողազի) ջրամբարը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1980 թ.-ին։ Մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 մլն մ3, օգտակարը՝ 43 մլն մ3: Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։  

Ջրամբարը ոռոգել է Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների գյուղերը (Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր): Իջևանի Ազատամուտ ավանը այս ջրամբարից ստացել է խմելու ջուր՝ համապատասխան զտում անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ:

Ջրամբարը շահագործվել է ընդամենը 12 տարի՝ մինչև 1991 թվականի ապրիլ, և դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: 

 

Ջրամբարն իր աշխարհագրական դիրքով տեղակայված է այնպես, որ ջրամբարի շահագործումը հնարավոր է միայն խաղաղության պայմաններում: Ջրամբարը թեև վարչականորեն գտնվում է Հայաստանի տարածքում, սակայն ողողում է նաև Ադրբեջանի ափը: Բացի այդ, պոմպակայան հասնելու համար պետք է հատել վարչականորեն Ադրբեջանին պատկանող սահմանը՝ անցնելով Ղազախի շրջանի Մազամ գյուղով, իսկ դեպի Նոյեմբերյան գնացող խողովակաշարը մասամբ անցնում է Ադրբեջանի տարածքով: