Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան մասում` բլրի գագաթին: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն պատկանում է խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին, բայց իր տեսակի մեջ Հայաստանի ամենափոքր միախորան եկեղեցին է: Ծավալատարածական հորինվածքով խաչաթևերը ուղղանկյուն են, արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Արտաքին ծավալը նույնպես խաչաձև է, կենտրոնում բարձրանում է ութնիստ թմբուկը, որն էլ ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Կոթողի շինանյութը սրբատաշ տուֆն է: Միակ մուտքը արևելյան կողմից է: Արտաքին ճարտարապետությունը պարզ է, զուրկ հարդարանքի միջոցներից: Մեկական լուսամուտներ են տեղավորված հարավային և արևմտյան ճակատներում ու թմբուկի արևմտյան նիստին: Աչքի է ընկնում շքամուտքը, ճակատային հարթությունները պսակող կամարիկավոր քիվերը: Նշված հատկանիշներն էլ թույլ են տալիս հուշարձանը թվագրել 7-րդ դարով: 1969-1970թթ. եկեղեցին վերանորոգվել է: Վերականգնվել են պատերի վերնամասերը, տանիքի լանջերի ծածկասալերը, թմբուկն ու վեղարը: