Երևանյան լիճը արհեստական ջրամբար է, որը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմուտյան մասում, Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 մլն մ3, օգտակարը՝ 0,7 մլն մ3։
Ջրամբարը կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։
Ջրամբարը կառուցվել է 1970 թ.-ին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։ Ափին գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ջրամբարի և հարակից տարածքների վերանորոգումը սկսվել է 2022 թ.-ին: