Գոշ (Տզրկա) լիճը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի 2 կմ դեպի հարավ-արևելք, «Դիլիջան» ազգային պարկում՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² է, երկարությունը՝ 100 մ, լայնությունը` 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ է, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14-15° C: Լիճը առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով և սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։
Լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա։ Գոշ լճի տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն: Լճի տարածքը շրջապատված է անտառներով: