Հայելի (Արտավանի Քարտեզ) լիճը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2 կմ արևելք՝ ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 6 հա է: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառված է 2008 թ.-ից): Լիճն ունի յուրօրինակ և շատ հետաքրքիր արտաքին տեսք, վերևից նայելիս այն շատ նման է մոլորակի քարտեզի, և այդ իսկ պատճառով էլ լիճն առավել հայտնի է Քարտեզ անվանումով։
Արտավան գյուղը գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում: Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը: