Ջուխտակ վանքը (XI-XII դարեր) գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3 կմ  հյուսիս-արևելք: «Ջուխտակը» վանքի ժողովրդական անունն է, և ձեռք է բերել շնորհիվ վանքը կազմող իրարից առանձին կանգնած ֆելզիտե երկու հոյակապ ճարտարապետական կոթողերի` Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիների:

Եկեղեցիների պատերի արձանագրություններում հիշատակվում են Գիշերավանք և Պետրոսի վանք անվանումները: Ըստ նույն արձանագրությունների վանքի առաջին կոթողը Սուրբ Գրիգորն է, բայց կառուցման հստակ թվագրություն չի նշվում: Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատները ձևավորված են քարի նրբազարդ քանդակներով:

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ.-ին: Շինարար վարպետը եկեղեցու պատին թողել է իր անունը` Սարգիս: Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ, բազիլիկատիպ շինություն է` երկթեք  տանիքով, հատակագծում քառանկյունի: Բացի շինարարական արձանագրություններից, եկեղեցու պատերին պահպանվել են նաև նվիրատվական արձանագրություններ: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում նեղ ավանդատներ են:

 

Համալիրում վերջին վերանորոգչական և ամրացման աշխատանքները կատարվել են  1970-ական թթ.: Վանքի շուրջ պահպանվել է միջնադարյան հայակական գերեզմանոց: