Կապսի ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Գյումրիից 22 կմ դեպի հյուսիս, Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի աջ ափին։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 25 մլն խմ է, օգտակարը՝ 23 մլն խմ:  Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում յոթերորդն է, ջրամբարի շինարարությունն սկսվել է 1985 թ.-ին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թ-ի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի։ Սակայն 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993 թ.-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի։

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։ 

Ջրամբարի վերականգնումը (պատվարի բարձրացումը) նախատեսվում է մոտակա ժամանակներում: Ջրամբարը կապահովի Շիրակի մարզի 17 հազար հա և Թալինի տարածաշրջանի շուրջ 7000 հա հողերի ոռոգումը: Ջրամբարի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր)։

 

Ջրամբարի կառուցման ծրագիրը բացառիկ է նրանով, որ ջրածածկման և սողանքային գոտում գտնվող Ջրաձորը պետք է վերաբնակեցվի: Բնակիչների համար կառուցվելու է նոր գյուղ, որը կզբաղեցնի 8 հա: Ջրամբարի և նոր գյուղի կառուցման աշխատանքները հավանաբար կմեկնարկեն 2023-ի երկրորդ կեսին: