Կապտաչ լիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8,5 կմ արևմուտք՝ ծովի մակերևույթից 3283 մ բարձրության վրա:  Այստեղ 2 լիճ կա, որոնցից մեկը Կապտաչն է կամ ինչպես տեղացիներն են լիճը կոչում՝ Կապույտ լիճը կամ Սրտները (քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի), մյուսը, մոտ 600 մ հարավ՝ Խուրջին լիճն է: Կապտաչ  լճի  մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Ջրափնյա գծի երկարությունը 0,4 կմ է:

Դեպի լիճ տանող ճանապարհին կարելի է հանդիպել բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Այստեղ ձևավորված են լեռնային, տափաստանային, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային, ենթալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Ճանապարհը գերում  է իր գեղեցկությամբ: 

Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը  ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ է։ Գազանալիճը, Կապուտանը, Ծակքարը և Խուրջին լճերը նույնպես գտնվում են Զանգեզուրի լեռների կատարային մասում:

Այդ տարածքում է գտնվում Զանգեզուրի արգելավայրը: Արգելավայրը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, որը հիմնադրվել է 2009 թ.-ին: Արգելավայրի տարածքը 17 368,77 հա է, գտնվում է ծովի մակերևույթից 2600-3904 մ բարձրության վրա։ Արգելավայրը ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։

 

Տարածքում կարելի է զարգացնել  էկոզբոսաշրջություն, որի համար խոչընդոտ են  հանդիսանում սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը և հանքային արդյունաբերությունը: