Կապուտան (Գոգի) լիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարան քաղաքից 8,5 կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակերևույթից  3200 մ բարձրության վրա, մակերեսը 10 հա է, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ: Ջրափնյա գծի երկարությունը 1,6 կմ է: Լիճը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառվել է 2008 թվականից):

Դեպի լիճ տանող ճանապարհին կարելի է հանդիպել բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Այստեղ ձևավորված են լեռնային, տափաստանային, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային, ենթալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Ճանապարհը գերում  է իր գեղեցկությամբ: 

Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը  ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ է։ Գազանալիճը, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը նույնպես գտնվում են Զանգեզուրի լեռների կատարային մասում:

Այս տարածքում է գտնվում Զանգեզուրի արգելավայրը: Արգելավայրը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, որը հիմնադրվել է 2009 թ.-ին: Արգելավայրի տարածքը 17 368,77 հա է, գտնվում է ծովի մակերևույթից 2600-3904 մ բարձրության վրա։ Արգելավայրը ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։

 

Տարածքում կարելի է զարգացնել  էկոզբոսաշրջություն, որի համար խոչընդոտ են  հանդիսանում սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը և հանքային արդյունաբերությունը: