Կառնուտի ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք, Կառնուտ գյուղի մոտ՝ Կառնուտի հեղեղատարի վրա։  Ջրամբարը կառուցվել է 1968 թ.-ից, և  շահագործման հանձնվել 1973 թ.-ին։ Պատվարը հողային է, ունի 34, 6 մ բարձրություն, 713 մ երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 մլն մ³, օգտակարը՝ 21, 8 մլն մ³, մակերեսը՝ 215 հա։ Կառուցված է համասեռ հողային լիցքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ 

Ջրամբարը կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով՝ հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Ոռոգում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով, Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարի։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։ Ձմռանը սառցակալում է։

 

Կառնուտի ջրամբարում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝  արծաթափայլ կարաս (Carassius gibelio), արևելյան տառեխիկ (Alburnoides eichwaldii), Կուրի ենթաբերան (Chondrostoma cyri), ամուրյան նրբաձուկ (Pseudorasbora parva), սպիտակ ամուր (Ctenopharyngodon idella):

Լուսանկարը՝ Արմենակ Մարգարյանի