Կեչառիսի վանական համալիրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում: Լեգենդը պատմում է, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը:
Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:
Վանական համալիրը նախկինում անվանվել է նաև Դարաչիչակի վանք: Վանքի գլխավոր` սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Հարավային մուտքի արձանագրության մեջ կառուցման թիվը նշված է 1033թ., թեև ավելի հավանական է 1013թվականը, երբ ողջ էին արձանագրության մեջ հիշատակված հայոց Գագիկ Առաջին Բագրատունի թագավորը և Սարգիս Առաջին Սևանցի կաթողիկոսը: Ըստ պատմագրական տեղեկության Գրիգոր Մագիստրոսը 1051թ Կեչառիսի վանքում եկեղեցի է կառուցել: Այն իր ճարտարապետությամբ 11-րդ դարին պատկանող միայն Սուրբ Նշանը կարող էր լինել:
Բջնիի եպիսկոպոսները 11-րդ դարում Կեչառիսի վանքին` որպես թեմ, տվել են 25 գյուղ: Ըստ Սուրբ Լուսավորիչ եկեղեցու հարավային ճակատի արձանագրության, Գրիգոր Մագիստրոսը 1054թ. սելջուկներից ազատագրել է մեծ ու հռչակավոր եկեղեցիները: 1099թ Կեչառիսի վանքում թաղվել է Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչ Գրիգոր իշխանը, որը զոհվել էր Արշարունիք գավառում սելջուկների դեմ ճակատամարտում:
12-րդ դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը ծանր վիճակում էր: Ձեռագրերից մեկի հիշատակարանում նշվում է, որ սկզբնապես ծաղկուն Կեչառիսը անշուք դարձավ: 1161-1163թթ Զաքարյա Ամիրսպասալարը սելջուկներից ազատագրել է վանքը, ինչի շնորհիվ հոգևոր կյանքը վերակենդանացել է: Վանքը խոշոր նվիրատվություններ է ստացել: 1196-1206թթ կառուցվել է վանքի գավիթը: 1203-1214 Վասակ Խաղբակյանը Կեչառիսի վանքում կառուցել է Կաթողիկե եկեղեցին: Հավանաբար եկեղեցու ճարտարապետը Վեցիկն է, քանի որ վերջինիս խաչքար- մահարձանը գտնվում է համալիրի արևելքում: 1220թ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ 3 տարի անց նորոգվել է Սուրբ Նշան եկեղեցին:
Ըստ գավթի ներսի արձանագրության Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը և նրա կինը` Բաղաց թագավորի դուստր Մամքանը նորոգել են թաթր-մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները: 1284թ վանքում է թաղվել Պռոշ իշխանը: 1295թ վանահայր Խաչատուր Կեչառիսցին վանքում գրել է իր նշանավոր ողբը:
15-17-րդ դարերում, չնայած մահմեդականների ծանր լծին և ասպատակություններին, Կեչառիսի վանքում շարունակվել է հոգևոր և մշակութային կյանքը: 1491թ վանքում գրված ավետարանում Գրիչ Գալուստը հիատակարանում նշել է իր բառերով ասած <<այդ դառն ու դաժան ժամանակները և անօրենների պատճառած անախորժությունները>>: 1499թ. Մաշտոցի հիշատակարանում գրիչ Մաթևոսը թվարկել է վանքի եկեղեցինեըր` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը, նախկին Կաթողիկեն, Սուրբ Նշանը և Սուրբ Հարությունը: Վանքի անունով Ծաղկաձորը որոշ ժամանակ կոչվել է Կեչառիս կամ Կեչառուք:
18-րդ դարում վանքն ամայացել է: 1828թ երկրաշարժից քանդվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու գմբեթը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Կեչառիսը դարձել է Երևանի պետական հիմնարկների ծառայողների համար ամառանոց: 1843 թ. ամռանը հանգստացողների համար ժամերգություններ կատարելու համար գավթի արևելյան կողմում բեմ է կառուցվել և գավիթը ծառայել է որպես եկեղեցի:
1990-ական թթ նորոգվել են Կաթողիկե և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները: Վանական համալիրի տարածքում գտնվող 11-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարերի շարքում իր հորանվածքով և զարդարվեստի ճոխությամբ առանձննում է Վեցիկի մահարձան խաչքարը: