Պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Երասխ գետի ձախ ափին է գտնվում քրիստոնյա Հայաստանի՝ Ս. Էջմիածնից հետո երկրորդ խոշոր սրբավայրը համարվող, Հայոց Մեծ դարձի նախասկիզբ Խոր Վիրապ նշանավոր վանական համալիրը (ներկայումս ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ - արևմուտք, Խոր Վիրապի տասներկու մեծ ու փոքր բլուրներից 6-րդ բլրի արևելյան լանջին)՝ հայտնի նաև Արտաշատի գուբ:
Հայոց Մեծ դարձի առանցքային կենտրոնը համարվող Խոր Վիրապ նշանավոր վանական համալիրի պատմության վերաբերյալ հարուստ նյութ է ամբարված ինչպես հայ մատենագրության մեջ, այնպես էլ տարաբնույթ ուսումնասիրություններում: Վանքը սերտորեն առնչվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման իրադարձությունների հետ, ինչով էլ պայմանավորված է վանքին տրված «քրիստոնեական նախասկիզբ սրբավայր» բնութագրական ձևակերպումը:
Հայ եկեղեցու ավանդության համաձայն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, գալով Հայաստան խաչի նշաններ են դրոշմում ժայռերին ու իջևանում Արտաշատի բլուրների վրա: Ի նշան պատմական այս իրադարձության 2015թ 7 մ բարձրությամբ խաչ է կանգնեցվում, որ կոչվում է օդյաց խաչ:
Աստվածային նախախնամությամբ այս վայրն հետագայում նորից էր սրբագործվելու: Առաքյալների այցից 2.5 դար անց հանուն իր քրիստոնեական հավատի նորից էր մաքրագործվելու ու վայրը նշանավորելու հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Ագաթանգեղոսը հաղորդում է, որ Գրիգորը, Անահիտ աստվածուհուն երկրպագելուց հրաժարվելու պատճառով նետվում է Արտաշատի քաղաքային բանտի` մահվան դատապարտվածների գուբը, որտեղից ողջ դուրս գալն անհննար էր, մինչդեռ Գրիգորը, շնորհիվ բարեսիրտ քրիստոնյա կնոջ, ով ամեն օր մի կտոր հաց էր գցում վիհի առաստաղի անցքից, փոսում մնում է 13-15 տարի:
301թ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալը խորհրդանշում է հայերի մեծ դարձը: Տրդատ 3-րդ մեծն ինքն է հրամայում ավերել մեհյաններն ու դրանց փոխարեն եկեղեցիներ կառուցել: Քրիստոնեությունը Հռչակվում է պետական կրոն, իսկ Գրիգորն էլ դառնում հայ եկեղեցու առաջին հոգևոր առաջնորդը` Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Շատ հաճախ հայ առաքելական եկեղեցին Գրիգորի անվամբ կոչվում է Գրիգորյան կամ Լուսավորչական:
Հայ մատենագրությունը հարուստ տեղեկություններ է հաղորդում նաև վիրապի տեղում վկայարան, ապա վանք հիմնելու մասին: Սուրբ Վիրապը և Արտաշատի հեթանոսական տաճարի փոխարեն քրիստոնեական եկեղեցու կառուցումն, հիշատակված են դեռևս 4-5-րդ դարից, որոնք երկուսն էլ ավերվել են պարսկական արշավանքներից:
Հոգևոր կենտրոնի ձևավորման վերաբերյալ հետագա՝ առավել հիմնավոր վկայությունները 7-րդ դարից են: « Շինող» մականվամբ Ներսես Գ. Տայեցի (641-661) կաթողիկոսը 7-րդ դարի կեսերին վիրապի վրա կառուցել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որն ըստ մատենագրական վկայությունների, զվարթնոցատիպ հորինվածք ուներ: Ներկայիս աղոթատունը թաղածածկ շինություն է, որը կառուցվել է 1662թ ակուլեցի և թիֆլիսեցի առևտրականների ծախսերով:
Վանական համալիրի գլխավոր կառույցը` Սուրբ Աստվածածինը ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր սրահ է: Կառուցվել է 17-րդ դարում, Դավիթ երկրորդ տփղիսեցի վարդապետի վանահայրության շրջանում: Կոթողը բազմիցս տուժել է երկրաշարժերից, հատկապես 1679թ, երբ վնասվել են Արարատյան դաշտավայրի բոլոր կոթողները: Խոր Վիրապի համալիրի կառույցները վերանորոգվել են մինչև Դավիթ Տփղիսեցու մահը: Վերջին վերանորոգումն իրականացվել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակի միջոցառումների շրջանակներում` 2000-2001թթ:
Ի տարբերություն հայկական միջնադարյան եկեղեցիներին բնորոշ խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծային լուծման, Սուրբ Աստվածածինը ձգված թաղակապ սրահ է: Արտաքուստ այն պսակված է ութկողանի թմբուկի վրա դրված կոնաձև գմբեթով: Արևմուտքից եկեղեցուն կից է 19-րդ դարի վերջում կառուցված ութսյունանի զանգակատունը: Արևելքից պատի մեջ ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Պատկերված է Գրիգոր Լուսավորիչը` ձախ ձեռքում Սուրբ գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բժշկում է Տրդատ արքային:
Համալիրն այսօր ներառում է նաև արևմուտքից արևելք ձգված բրգաձև պարիսպը, որի պատերի երկայնքով ձգվում են սեղանատունը, վանատունը և այլ օժանդակ կառույցներ: 13-րդ դարից ի վեր վանքը հիշատակվում է նաև որպես միջնադարյան Հայաստանի նշանավոր դպրատուն և գրչության կենտրոն:
Ամեն տարի Լուսավորչին նվիրված տոների ժամանակ Մայր Աթոռից այստեղ է բերվում Սրբի մասունքը: Խոր վիրապի վանական համալիրը, իր վեհությամբ, դեպի սրբազան Արարատը բացվող չքնաղագույն տեսարանով այսօր էլ դեպի իրեն է կանչում բազմաթիվ ուխտավորների Հայաստանից ու ամբողջ աշխարհից: