Լեսինգի լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հյուսիս–արևմուտք, Արագածի արևելյան գագաթից 3 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակերևույթից 3320 մ բարձրության վրա։
Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:
Լեսինգը անհոսք լիճ է, որն առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով։ Մակերեսը 0,016 կմ² է, առավելագույն խորությունը՝ 2,5 մ, ջրի ծավալը՝ 18800 մ³։ Ջուրը մաքուր է և սառնորակ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 9 °C է։ Սնումը հալոցքային է։
Լիճը կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի, որը 1927-1929 թթ-ին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Լեսինգի լիճ կարելի է հասնել հետևյալ կերպ՝ սկզբից բեռնատարով կամ ամենագնացով կարելի է հասնել մինչև Ումրոյ լիճ, այնուհետև քայլարշավով հասնել Լեսինգի լիճ: