Մարմարիկի ջրամբարը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքից 0.5 կմ հեռավորության վրա՝ Մարմարիկ գետի հունում:
Ջրամբարն ունի 55 մ բարձրությամբ պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Մարմարիկի ջրամբարն իր նշանակությամբ դասվում է պետական նշանակության օբյեկտների ցանկում:
Ջրամբարը կառուցվել է 1974 թ.-ին, սակայն չէր շահագործվել մինչև 2011 թվականը, քանի որ 1975թ.-ին շահագործման հանձնելուց հետո, առաջին ջրալցման ժամանակ, դեռևս ամբողջ ծավալով չլցված, ջրամբարը վթարվել է․ պատվարի ներքին շեպը, ապա և մոտ 500 հազար խմ բնահող սահել են դեպի ստորին բյեֆը։
Պատվարը վերականգնվել է 2011 թ.-ին: Մարմարիկի ջրամբարի առաջին ջրալցումը սկսվել է 2013թ. մարտին: Վերականգնված ջրամբարը լուծել է Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի ոռոգման ջրապահովության խնդիրը (Կոտայքի մարզի 1600 հա գյուղատնտեսական հողատարածք ստանում է մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր): Վերականգնված պատվարը հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը: Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից նվազել են տարեկան 23 մլն խմ-ով: