Մարտիրոս (Վերին) լիճը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արևելք՝ ծովի մակարևույթից 2145 մ բարձրության վրա: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառված է 2008 թ.-ից):
Մարտիրոսը հունարեն բառ է, որը նշանակում է դավանած գաղափարի ու հավատի համար նահատակված մարդ։ Իսկ տեղի ավանդապատումի համաձայն՝ Մարտիրոս նշանակում է «մարտերի հերոս»։
Մարտիրոս անվան առաջացման մասին կա մի ավանդապատում։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Ավարայրի ճակատամարտը վերջանալուց հետո Հայաստանի տարբեր վայրերից Ավարայր գնացած հայրենասեր մարտիկները խումբ-խումբ սկսում են հեռանալ ճակատամարտի դաշտից։ Վերադարձող հայկական մի զորախմբի, որը պիտի անցներ Արցախ, հետապնդում է պարսկական խոշոր մի հեծելազոր՝ Աթաշխուդա անունով մի զորահրամանատարի գլխավորությամբ։ Մեծաքանակ պարսկական զորքի ընթացքը կասեցնելու նպատակով Վայոց ձորի տարածքում, Արփա և նրա վտակ Եղեգիս գետերի միախառնման վայրում, հայ մարտիկներն արյունահեղ մարտի են բռնվում խիզախ իշխան Մարտիրենի գլխավորությամբ։ Մարտիրենը և նրա զինակիցները ճակատամարտում հերոսաբար նահատակվում են, սակայն դրանով իսկ կասեցնում պարսկական զորքերի կրկնակոխ հետապնդումը։ Մարտիրեի հիշատակը հավերժացնելու նպատակով հետագայում վայոցձորցիները նրա անունով են վերանվանել գավառի բնակավայրերից մեկը՝ Մարտիրոսը։
Մարտիրոս գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից։ Գյուղը գտնվում է Գոգի լեռան ստորոտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ 1968 թ.-ին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք և կառուցվեց նոր գյուղ։