Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XVII դարում և պատկանում է այդ ժամանակաշրջանում ողջ Հայաստանում տարածված եռանավ բազիլիկ տիպին: Ուղղանկյուն դահլիճը երկու զույգ T-աձև մույթերով բաժանում է եկեղեցու ներքին տարածությունը երեք նավի: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում երկհարկանի թաղածածկ ավանդատներ են, որոնցից երկրորդ հարկը կարելի է բարձրանալ խորանի պատերի որմնանկարների միջով: Տանիքի վրա` շենքի կենտրոնում տրված է զանգակատան աղյուսե 6 սյունանի ռոտոնդան, որը որոշ չափով աշխուժացնում է կիսամշակ բազալտից կառուցված եկեղեցու հակիրճ ծավալային հորինվածքը: Որմնանկարները, որ նույնպես պատկանում են XVII դարին զարդարում են եկեղեցու ներքին պատերն ու առանձնացնում այս կոթողը իր ժամանակաշրջանի ու առհասարակ հայկական պատմամշակութային հուշարձանների մեջ: Կառույցի ներքին բոլոր պատերին յուրահատուկ նրբությամբ ու զարդանախշերի ճոխությամբ աչքի ընկնող որմնանկարներ են` աստվածաշնչյան ամենատարբեր թեմաներով` մարգարեներից կյանքից, մինչև Սուրբ Ծնունդ, Հարություն ու Մարիամ Աստվածածին: Խորանի դիմային հատվածում արված որմնանկարները պատկանում են ավելի ուշ շրջանի և թվագրվում են XX դարով:
2016-2019թ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 510.000 դոլլարի է նվիրաբերել հուշարձանի պահպանության ու վերակառուցման համար: Եռամյա ծրագր արդյունքում վերականգնվել են XVII դարի որմնանկարները, փոխվել է եկեղեցու տանիքը, ջրահեռացման համակարգն ու բարեկարգվել է բակը: