Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մեղրիի Մեծ թաղում: Եկեղեցին կառուցվել է XVII դարում: Այն քառամույթ, գմբեթավոր բազիլիկ տիպի շինություն է և առաջին հերթին առանձնանում է իր բացարձակ չափերով և արևելքից-արևմուտք ձգվածությամբ: Հատակագծային հորինվածքում այն եռանավ համալիր է, որտեղ միջին նավը, ի համեմատ կողային նավերի, բավականին լայն է: Գմբեթատակ քառակուսին ավելի շատ թեքված է համալիրի արևելյան կողմ: Եկեղեցու համար հիմնական շինանյութը բազալտն է, իսկ թմբուկի ու գմբեթի համար՝ աղյուսը։ Եկեղեցու աղյուսե թմբուկը դրսից ութանիստ է, իսկ ներսից` գլանաձև, դրված է քարե օղակի վրա և ստացվում է գմբեթատակ քառակուսուց` առագաստային անցման միջոցով: Հուշարձանի հարավային կողմից, երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը։ Եկեղեցին ունի իրար շատ նման երկու մուտք` արևմուտքից և հարավից:
Եկեղեցին ներսից սվաղված է: Բեմի պատը, մույթը, ավանդատերը զարդարված են որմնանկարներով: Դրանք հայ կերպարվեստի XIX դարի լավագույն ստեղծագործություններից են և աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ: Եկեղեցու բակում է գտնվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանը:
Լուսանկարը՝ Վահագն Հովհաննիսյանի