Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում: “Օշական” բառացի թարգմանությամբ նշանակում է երանի աչքերիդ: Միջնադարում Օշականը շեն ու հարուստ գյուղ է եղել: Մեսրոպ Մաշտոցի մահվանից հետո տարաձայնություններ են եղել` որտեղ թաղել մեծագույն Սրբին: Ի վերջո հաղթել է Վահան Ամատունու թոռը` Մաշտոցի մարմինն ամփոփելով Ամատունիների կալվածք հանդիսացող Օշականում: Սրբի մահվանից 3 տարի անց նրա գերեզմանի վրա Վահան Ամատունին եկեղեցի է կառուցել:
Դարերի ընթացքում եկեղեցին պարբերաբար վերանորոգումներ, իսկ երեք անգամ հիմնանորոգումների է ենթարկվել: Հատկապես XIXդարի հիմնանորոգումից հետո ամբողջությամբ փոխվել է եկեղեցու արտաքին տեսքը, սրբի տապանաքարը: Գևորգ 4-րդ կաթողիկոսը եկեղեցու կառուցումը վստահել է Ալեքսանդրապոլի հույն վարպետներին: Թերևս, սա է պատճառը, որ այն իր ճարտարապետական լուծումներով մի փոքր տարբերվում է ժամանակի հայ եկեղեցական ճարտարապետությունից: 1884թ եկեղեցուն կից կառուցվել է երկհարկ ութ սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է իր գլանաձև կառուցվածքով, արևելքում տեղադրությամբ և ավագ խորանից բացվող մուտքով:
Վազգեն Առաջինի կաթողիկոսության տարիներին եկեղեցին հիմնանորոգվում է, ներքին պատերը հարդարվում են որմնանկարներով:
XXI դարում պեղումների արդյունքում բացվել են մի քանի հնագիտական շերտեր, որոնցից մեկը հենց V դարի շինության հիմքերը:
Բացված ավերակները վկայությունն են այն բանի, որ ժամանակակից կառույցը իր ծավալատարածական հորինվածքով շատ ավելի փոքր է նախկինից: Այսօր բակում կարելի է տեսնել V դարի կեղեղու գետնախարիսխները` առնված ապակու տակ:
2005թ եկեղեցու բակում Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ կանգնեցվեցին 36 խաչքար-տառերը` գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում է կանգնած նաև Վահան Ամատունու մահարձանը: Նա իր մահվանից հետո կտակ է գրում` խնդրելով հարազատներին իրեն թաղել Մաշտոցից 40 բազուկ հեռավորությնա վրա: Նրա գերեզմանը գտնվում է ուսուցչի գերեզմանի հարևանությամբ:
Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրատունը, որտեղ 1915թ ապաստանել են եղեռնից մազապուրծ որբերը: Անկախությունից հետո շենքը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ և ծառայում է որպես կիրակնօրյա դպրոց:
Եկեղեցին Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է: