Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում բազմաթիվ հուշարձանների թվում հատկապես հիշատակելի է Հոգևանք, Կարմիր վանք կամ Ձորագյուղի վանք կոչվող! մենաստանը, որը գտնվում է գյուղից մոտավորապես երեք կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Մսւրալիկ տանող ճանապարհի ձախ կողմում: Մենաստանը բաղկացած է միայն մեկ եկեղեցուց, որն արձանագրությունների մեջ կոչվում է Սուրբ Կարապետ: Հյուսիսային մուտքի ճակատի արձանագրության համաձայն, այն կառուցվել է 1205 թվին: Սա պատկանում է «գմբեթավոր սրահ» կոչվող եկեղեցիների տիպին և ունի դրան համապատասխան հատակագծային, ծավալա-տարածական և կոնստրուկտիվ հորինվածք: Եկեղեցու արևելյան կողմից ներսում կիսակլոր աբսիդն է իր բեմով և կողային խորաններով: Երկու լայն մուտքերը բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Բոլոր ճակատների վրա կան եռանկյունաձև խորշեր՝ կամարակապ ճառագայթաձև վերնամասերով: Ամրողջ շենքը կառուցված է կարմրագույն սրբատաշ տուֆ քարով և կրաշաղախով: Հետագա վերանորոգումների ընթացքում օգտագործվել է նաև սև ու գորշագույն տուֆաքար: Եկեղեցին զգալիորեն խարխլվել է 1939 թ.-ի երկրաշարժից: Հուշարձանին վերաբերող շատ արձանագրություններ, որ մեծ մասամբ բեկորների ձևով թափված են փլատակների մեջ` հողմնահարվել են, դարձել անընթեռնելի: Ներսում, բեմի վրա հավաքված են քանդակազարդ խաչքարերի և քառակող կոթողների բազմաթիվ բեկորներ, որոնք վերաբերում են V-VII և XI-XIII դարերին: Այդ վիմագիր արձանագրությունների և բեկորների ուշադիր զննումից պարզվում է, որ մենաստանը երկար չի գոյատևել և XIV դարից հետո այն ամայացել է: Մենաստանի շուրջը տարածվում է մի հին գյուղատեղ, որն ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հնում կոչվել է Ձորագյուղ, ապա մենաստանի հաստատման կապակցությամբ վերանվանվել է Կարմիր վանք, իսկ ավելի ուշ` Վանքի Ձոր: Գյուղատեղում պահպանվել են երկու շատ փոքրիկ եկեղեցիների պատերի ստորին մասերը` շարված վարդագույն սրբատաշ տուֆաքարերով: Եկեղեցիներից մեկը բազիլիկ տիպի միանավ կառուցվածք է խիստ բնորոշ IV-V դարերին, մյուսի հատակագիծն արտաքուստ բազմանիստ է, ներսից բազմաբսիդ֊վարդաձև` միանգամայն հատուկ VII դարին: Երկու եկեղեցիների միջև պահպանված պատերի հետքերը վկայում են, որ դրանք երբեմնի իրար հետ հաղորդակցվել են սրահով: Հոգևանքի արևմտյան կողմում ընկած լեռնաշարքի հարթ գագաթի վրա տարածվող գյուղատեղում պահպանվել են փոքրիկ եկեղեցու հիմնապատեր: