Սառնաղբյուր գյուղը (նախկինում Ուռենուտ, Սոգյուտլի) գտնվում է ՀՀ Շիրակի մարզի հարավարևելյան մասում` Արագած լեռան արևմտյան լանջին, մարզկենտրոնից 34 կմ հարավ։ Գյուղը շատ հարուստ է պատմության տարբեր ժամանակաշրջաններին պատկանող տարատեսակ հուշարձաններով: Այստեղ կան հին բնակատեղեր, ամրոցներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, մահարձաններ, դամբարաններ, մենաքարեր և այլն:
Գյուղի մեջ գտնվող երկու եկեղեցիներից մեկը, որը հայտնի է Թադևոս առաքյալի անունով, կառուցվել է 1883 թ-ին: Այն իր մեծությամբ և շինարարական ձևերով բավականին ուշագրավ ու հետաքրքրական է: Կոթողն իրենից ներկայայացնում է եռանավ, բազիլիկ տիպի մի շենք, որի ներսում ութանիստ մույթերը աղեղնաձև կամարներով միանում են պատերին կից կիսամույթերին` կազմելով թաղակապ ծածկ: Մույթերի խոյակներն ու խարիսխները զարդարված են գնդիկավոր-մարգարտաշար քանդակներով: Երեք կամարակապ մեծ մուտքերը բացվում են արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից: Արևելյան ճակատի վրա կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնց կամարակապ գագաթները զարդարված են ճառագայթաձև քանդակներով: Քիվերը ևս քանդակազարդ են: Ամբողջ շենքը շարված է կարմրագույն, մաքուր տաշված տուֆաքարով և կրաշաղախով: Արևմտյան կողմում անավարտ զանգակատունն է: