Շամբի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Սիսիանի շրջանում, Սիսիանից 25 կմ հարավ–արևելք, Շամբ գյուղի մոտակայքում, Որոտան գետի վրա՝ մոտ 1350 մ բարձրության վրա։
Տաթևի ՀԷԿ–ի գլխամասային ջրամբարն է։ Շահագործման է հանձնվել 1970 թ.-ին։ Շամբի ջրամբարը կառուցվել է Որոտանի հիդրոհամալիրի շահագործման համար և մտնում է Որոտանի կասկադի մեջ։
Ջրամբարի երկարությունը 3,1 կմ է, խորությունը՝ 38 մ։ Մակերեսը 1,26 կմ2 է, ջրատարողությունը՝ 13,6 մլն մ3, օգտակարը՝ 11,8 մլն մ3: Պատվարը քարակոպիճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը 107 մ է, առավելագույն բարձրությունը՝ 47 մ։ Ջուրը բաց է թողնվում ձախ ափում կառուցված աշտարակային ջրընդունիչի (ջրթողքը՝ 25 մ3/վ) և ոչ ճնշումային թունելի միջոցով։ Աղետային ջրերը հեռացվում են «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթողի (216 մ3/վ) և 6 թունելային անցքերի (100 մ3/վ) միջոցով։ Հայաստանում գոյություն ունի միայն երկու «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթող՝ Շամբի և Կետչուտի ջրամբարներում:
Լճում բուծում են իշխան, կարմրախայտ այլ ձկնատեսակներ։ Ջրամբարը հնարավորություն ունի ոռոգեկու մոտ 5 հզ․ հա հողատարածություն։