Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը: Այն գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք,Շաքի գյուղի մոտակայքում: Ջրվեժը ձևավորվում է Շաքի գետի վրա, Որոտանի հոսանքի մեջ՝ հոսելով 18 մետր բարձրությամբ խոր կիրճում: Չնայած փոքր բարձրությանը, ջրվեժի ջրի բարձր ձայնը լսվում է բավականին հեռվից: Շաքիի ջրվեժի հետ կապված նույնիսկ լեգենդ է հյուսվել:
Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին՝ նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով՝ իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։
Շաքիի ջրվեժ կարելի է հասնել ցանկացած ավտոմեքենայով: